Սլովենիայի նախագահն ընտրարշավից առաջ ոտքով ճամփորդում է երկրում
Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը ընտրարշավի նախաշեմին ոտքով ճանապարհորդում է հանրապետության տարածքում: Այդ մասին հայտնել է Slovenske Novice հրատարակության պորտալը:
Պետության գործող ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է ընթացիկ տարվա վերջին, նոր ընտրությունների ամսաթիվը, ինչպես սպասվում է, կնշանակվի օգոստոսի 11-ին: Պախորի հետ միասին երկրում քայլարշավի են ելել նաեւ որդին՝ Լուկան, եւ հասարակայնության հետ կապերի գծով երկու ներկայացուցչուհիներ:
Նախագահի թիմը պլանավորում է օրական հաղթահարել 40 կիլոմետր, որպեսզի սլովենա-հունգարական սահմանի Գորիչկոյից (Խոդոշի հսկիչ անցակետ) մինչեւ Ադրիատիկի Պիրանյան ծոց տարածությունն անցնի մինչեւ հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 14-ը: Օգոստոսի 9-ի երեկոյան նախագահն ավարտել է ոտքով ճամփորդության երկրորդ փուլը՝ ավելի քան 33 կիլոմետր հաղթահարելով երկրի արեւելքում:
«Պախորի ճանապարհորդությունը կձգվի շուրջ 300 կիլոմետր, եւ նա մեզ չի հայտնել, թե այն ստույգ երբ է ավարտվելու: Բոլոր դեպքերում, ուղեւորության ավարտին ծովափին նրան «Գորիչկոյից Պիրան» սիրելի երգով հանդիսավոր կերպով կդիմավորի տեղացի երգիչ Վլադո Կրեսլինը»,-գրում է հրատարակությունը:
Սլովենիայի նախագահը չի թաքցնում, որ ճանապարհին մարդկանց հետ շփումը տեղի է ունենում ընտրարշավի շրջանակներում եւ նրանց հետ լուսանկարներն ակտիվորեն զետեղում է սոցցանցերում: Ճանապարհին նախագահին միանում են հասարակ քաղաքացիներ, ինչի մասին վկայում են իր իսկ կողմից հրապարակված լուսանկարները:
Ավելի վաղ Պախորը Համացանցում ցուցաբերած ակտիվության համար քաղաքացիներից ստացել է «Instagram-ի արքա» մականունը: Նշվում է, որ պետության ղեկավարը ճանապարհորդության համար օգտագործում է իր պաշտոնական արձակուրդը, որն ավարտվում է հաջորդ երեքշաբթի՝ օգոստոսի 15-ին:
Սլովենիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով եւ առավելապես կատարում է արարողակարգային գործառույթներ այն դեպքում, երբ իրական իշխանությունը պատկանում է վարչապետին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: