Բաժիններ՝

Պարզվել է Փարիզի մերձակայքում զինվորականներին վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողի ինքնությունը

Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է Փարիզի արվարձանում օգոստոսի 9-ին մի խումբ զինվորականների վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողի ինքնությունը: Խոսքը վերաբերում է 37-ամյա ալժիրցի Համու Բենլատրեշին, որը Ֆրանսիայում ապրում է օրինական հիմունքներով: Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական ոստիկանության մի աղբյուրի:

Աղբյուրի տվյալներով՝ Բենլատրեշը իրավապահ մարմիններին հայտնի էր մանր իրավախախտումների կապակցությամբ, բայց երբեք պատասխանատվության չի ենթարկվել: Ալժիրցին ապրում է մայրաքաղաքից հյուսիս գտնվող Բեզոն քաղաքում: Նախօրյակին անհայտ անձը ավտոմեքենայով Sentinelle հակաահաբեկչական գործողությանը մասնակցող մի խումբ զինծառայողների էր վրաերթի ենթարկել Փարիզի Լեւալուա-Պերե արվարձանում:

Վեց զինվորականներ վերքեր են ստացել: Զինծառայողներին վրաերթի ենթարկելու հետաքննությանը ձեռնամուխ է եղել Փարիզի դատախազության՝ ահաբեկչության հետ կապված գործերով զբաղվող ստորաբաժանումը: Նույն օրը ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները քաղաքամերձ ավտոճանապարհին ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում Է հարձակումը կատարելու մեջ:

BFM TV հեռուստաալիքի տվյալներով՝ կալանման ընթացքում կասկածյալը հինգ հրազենային վերք Է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր: Վիրավորվել Է նաեւ ոստիկանության մի աշխատակից: Հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 10-ին կասկածյալի վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Գնդակներից մեկը վնասել է ձերբակալվածի ողնաշարը, եւ նա պետք է նոր վիրահատության ենթարկվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս