Վարազդատ Հարոյանը՝ Իրանի, «Քյոլնի» հետ չկնքված պայմանագրի և իր նախընտրությունների մասին
«Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդարձակ հարցազրույց է տվել «Զենիթի» հետ խաղից առաջ:
Հարոյանը խոսել է Իրանում անցկացրած մրցաշրջանի, իր ֆուտբոլային նախընտրությունների մասին, ինչպես նաև պատասխանել է բլից հարցերի:
Հարոյանը նշել է, որ տպավորված էր Իրանով:
«Մասնակցեցի բոլոր խաղերին, սակայն այդպես էլ չհարմարվեցի: Այնտեղ ամեն ինչ այլ է և՛ կյանքում, և՛ ֆուտբոլում:
Երբ այնտեղ էի, մեկ ամսվա ընթացքում գրանցվեց երկու երկրաշարժ: Այդ ժամանակ ես տանն էի, սակայն այդ դեպքերից հետո կնոջս ու աղջկաս ուղարկեցի Հայաստան՝ ապահով լինելու համար»:
Լրագրողները Հարոյանից հետաքրքրվել են Իրանում ալկոհոլի բացակայության մասին: Վարազդատը նշում է, որ ալկոհոլը պաշտոնապես արգելված է, բայց մեծ ցանկության դեպքում գտնել հնարավոր է:
«Չեմ հիշում, որ թիմակիցներս խնդրած լինեն հայկական կոնյակ տանել, բաց եթե խնդրեին էլ, չէի տանի, քանի որ ես օրենքի մարդ եմ»:
Հարոյանը պատմել է նաև գերմանական «Քյոլն» ակումբի՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրության մասին:
«Իսկապես կար հետաքրքրություն, և ես անգամ մեկնել եմ փորձաշրջան անցկացնելու: Մարզվեցի այնտեղ հիմնական թիմի հետ, կարծես ամեն ինչ լավ էր, բայց այդպես էլ պայմանագիր չառաջարկվեց: Այդպես էլ չհասկացա՝ ինչու: Հետո ես անցա փորձաշրջան «Ռոստովում»»:
Հարոյանին առաջարկել են նաև շարունակել հայտնի «Հայերից ամենալավը… » արտահայտությունը, որը Ռուսաստանում խաղալու տարիներին հաճախ ասում էին Յուրա Մովսիսյանին:
Հարոյանը կատակել է, որ հայերից լավագույնը Վարո Հարոյանն է:
Պատասխանելով բլից հարցերին՝ Հարոյանը նշել է, որ լավագույն ժամանակն ընտանիքի հետ անցկացրածն է, սիրելի ուտելիքը՝ տոլման, Մեսսի-Ռոնալդու զույգից լավագույնը՝ Մեսսին, սիրելի մեքենան՝ BMW-ն, իսկ Մեյվեզեր-Մակգրեգոր զույգից լավագույնը՝ Մակգրեգորը:
Սիրարփի Աղաբաբյան