
Տրանսֆերային անակնկալ «Ալաշկերտից». Ազգային հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրեց

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հերթական նշանակալի ձեռքբերումն իրականացրեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Երեկ «Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր ստորագրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, ով արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում էր շվեյցարական «Ցյուրիխին», վարձավճարով հանդես էր գալիս տեղի «Լե Մոն» թիմում:
2015-ին «Ցյուրիխ» տեղափոխվելուց առաջ 22-ամյա ֆուտբոլիստը երկու մրցաշրջան է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում, հանդիսացել է ռուսական ակումբի երկրորդ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, մասնակցել պատանեկան Չեմպիոնների լիգային: «Զենիթի» պորտուգալացի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի նախաձեռնությամբ Սիմոնյանը մի շարք մարզումներ է անցկացրել ակումբի գլխավոր թիմի կազմում, հայտնվել է թիմի հայտացուցակում:
Արտյոմ Սիմոնյանը հանդես է եկել Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, հանդիսացել է երիտասարդական հավաքականի ավագը, որի կազմում խաղացել է նաև Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Ազգային հավաքականում կիսապաշտպանն իր նորամուտը նշել է Ֆրանսիայի հավաքականի հետ 2014-ի հոկտեմբերին կայացած խաղում և հիանալի տպավորություն է թողել:
«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ ստորագրել «Ալաշկերտի» հետ: Թիմում հիանալի ընկերական մթնոլորտ է: Ծանոթ եմ մի քանի ֆուտբոլիստների հետ, իսկ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հանդես եմ եկել երիտասարդական հավաքականում: Շատ դրական եմ տրամադրված: Կներդնեմ ամբողջ ուժերս` «Ալաշկերտի» հաջողություններում իմ ավանդն ունենալու համար»,- նշում է Սիմոնյանը պայմանագրի ստորագրումից հետո:
Սիրարփի Աղաբաբյան