Բաժիններ՝

Գերմանացի խորհրդարանականների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը այցելելու է Քոնիայի ռազմաբազա

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որում ներառված են նաև գերմանացի խորհրդարանականները, երկարատև բանակցություններից հետո սեպտեմբերի 8-ին այցելելու է Քոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա:

Այս մասին հայտնում է ntv.com.tr-ն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերը գերմանացի պատգամավորների մուտքը Քոնիայի ավիաբազա հեշտացնելու նպատակով աշխատանքներ է տանում թուրք և գերմանացի պաշտոնյաների հետ:

Թուրքիայի արտգործնախարարության հաղորդմամբ` Ռոզ Գոթեմոլերի կողմից տարվող բանակցությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի միջև սկսված բանակցային գործընթացի շարունակությունն են:

Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը հուլիսի 22-ին պահանջել էր Թուրքիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու արգելքի պահմանման պարագայում հանել Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանական զորքը:

Անդրադառնալով գերմանացի պատգամավորների՝ Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու արգելքին՝ Մարտին Շուլցը նշել էր.«Եթե Թուրքիան շարունակի մեր պատգամավորներին զրկել Քոնիայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու իրավունքից, ապա անհրաժեշտ է գերմանական զորքը դուրս բերել այդ ավիաբազայից: Արգելքը մեզ համար անընդունելի է: Մենք շատ լավ գիտենք, թե մեր զինվորները ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում ինչ պայմաններով են տեղակայվել այդտեղ»:

Շուլցը հավելել էր նաև, որ չնայած ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում ծառայություն իրականացնելու հանգամանքին, գերմանական բանակը կապված է գերմանական խորհրդարանի հետ:

«ՆԱՏՕ-ն հստակ պետք է հասկացնի Թուրքիային, որ նման քայլերը խոչընդոտում են ՆԱՏՕ-ի գործունեությանը: Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից»,- եզրափակել էր Շուլցը:

Թուրքիան արգելել էր նաև գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել է, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում էր ընդունել ետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին քվեարկել էին 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ էին մնացել:

Այդպիսով, պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերում ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխում մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս