Բաժիններ՝

Պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգում արձանագրվել են խնդիրներ

Կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված  գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա գործնականում կիրառման վերաբերյալ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել, կամ՝ երբ վարձակալության հանձնված գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության:

«Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով: Այս իրավիճակը պայմանավորված է և՛ 2001 թվականին ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ, և՛ կադաստրային արժեքի, շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նկատմամբ ոչ լիարժեք հսկողական մեխանիզմների առկայությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա Պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի՝ վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես անդրադառնալով վարձավճարի հաշվարկման բանաձևին, հսկողական մեխանիզմների կատարելագործման, կադաստրային արժեքի և շուկայական արժեքի անհամաչափություններին, միաժամանակ ուսումնասիրելով նման գույքի ենթավարձակալության տրամադրման արգելքի սահմանման հնարավորությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս