
Թուրքիայում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել

Ստամբուլում գյուլենականների դեմ ուղված հետախուզական գործողությունների շրջանակներում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
Այս մասին հայտնում է թուրքական ntv.com.tr-ն:
Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետախուզական գործողությունները հիմնականում ուղղված են եղել մեդիա- դաշտում գործող գյուլենականների դեմ և 35 լրագրողների բջջային հեռախոսներում հայտնաբերվել է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող bylock բջջային հավելվածը:
Ներկայումս հետախուզական գործողությունները շարունակվում են, վերոնշյալ 35 լրագրողի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:
74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են:
Պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի՝ Էրդողանը Գյուլենին մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: