ԱՄՆ-ում 90 տոկոսով աճել են բունկերների վաճառքները
Rising S ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտանում է ստորգետնյա բունկերների ստեղծման բնագավառում, հայտարարել է Փենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների սրվելու ֆոնին վերջին երկու շաբաթներին վաճառքների 90 տոկոսանոց ավելացման մասին։
Ինչպես Fox News հեռուստաալիքին հայտարարել է ընկերության մենեջեր Հարի Լինչը, բունկերների վաճառքները հատկապես մեծ չափով աճել են Ճապոնիայում: «ԿԺԴՀ-ի կողմից զգալի սպառնալիք է կախված Ճապոնիայի վրա, մարդիկ անհանգստանում են»,- բացատրել է նա:
Նրա խոսքով՝ վաճառքների ցուցանիշներն աճել են նաեւ ԱՄՆ-ում ԿԺԴՀ-ի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վերաբերյալ լուրերից հտո: ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունները լրջորեն սրվել են վերջին օրերին այն բանից հետո, երբ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնեց, որ Հյուսիսային Կորեան քննարկում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: ԿԺԴՀ-ն այս կերպ է պատասխանել նախագահ Դոնալդ Թրամփին, որը խոստացել է հյուսիսկորեացիների վրա թափել ԱՄՆ-ի «հուրն ու ցասումը», եթե Փենյանի գործողություններն սպառնան Միացյալ Նահանգներին:
ԿԺԴՀ-ի զինվորականները «հանգամանորեն ուսումնասիրում են» հարձակման պլանը՝ միջին հեռահարության «Հվասոն-12» հրթիռների կիրառմամբ, նշված է հյուսիսկորեացի զինվորականների հայտարարության մեջ: Նրանց խոսքով՝ «պլանը գործի կդրվի, հենց որ առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում ընդունի»:
Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին չտեսնված «հրով ու ցասումով» է սպառնացել, եթե Փենյանը վտանգի ենթարկի Ամերիկային: Թրամփի սպառնալիքը հնչել է այն հաղորդումների ֆոնին, որ ԿԺԴՀ-ն արտադրել է միջուկային մարտագլխիկ, որը կարելի է տեղակայել Հյուսիսային Կորեայի ունեցած հրթիռների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: