
Ռուսական ինքնաթիռն անցել է Սպիտակ տան, Պենտագոնի և ԿՀՎ-ի վրայով. CNN

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առանց զենքի ցածր բարձրության վրա թռիչք է կատարել ԱՄՆ-ի Կապիտոլիումի, Պենտագոնի, Կենտրոնական հետախուզական վարչության շենքի եւ Էնդյուս ռազմակայանի վրայով՝ Բաց երկնքի քաղաքականության պայմանագրի շրջանակներում: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Ռուսական Տու-154-երն օգոստոսի 9-ի ցերեկը 1100 մետր բարձրությամբ անցել են Վաշինգտոնի կենտրոնի եւ Մերիլենդի նահանգում Էնդյուս ռազմակայանի վրայով, որտեղ բազավորվում է «թիվ մեկ օդանավը»:
Աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը նաեւ թռիչք է կատարել Քեմպ Դեւիդ նախագահական նստավայրի, Վիրջինիայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբի եւ Մաունթ Ուեզեր կառավարական բունկերի վրայով: Բաց երկնքի պայմանագիրն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների ինքնաթիռներին թույլ է տալիս թռիչքներ կատարել եւ օդից դիտարկել այն 34 պետությունների ռազմական օբյեկտները, որոնք ստորագրել են փաստաթուղթը: