Բաժիններ՝

«Ինչ-որ գյուղում խաղալու համար պետք է նախապես 3 անգամ գնանք, որպեսզի կարողանանք մեզ համար պայմաններ ստեղծել»

«Մինչ օրս նման մասշտաբային նախագիծ չի եղել, բոլոր թատրոններում ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանը՝ խոսելով այս տարի մեկնարկած «Մշակութային կանգառ» նախագծի մասին:

Արամ Խոջոյանի հաղորդմամբ՝ «Մշակութային կանգառ» նախագծի շրջանակներում սպասվում է ևս երկու այցելություն Վայոց ձորի մարզ: Մինչ օրս այցելել են Եղվարդ, Աբովյան, Մարալիկ, Արթիկ:

Թատրոնի տնօրենի խոսքով՝ արտասահմանում հյուրախաղեր կազմակերպելը տեխնիկապես ավելի հեշտ է, քան այստեղ: Օրինակ՝ այստեղ մի լույսով ներկայացում են կարողացել խաղալ:

«Ինչ-որ գյուղում խաղալու համար, պետք է նախապես 3 անգամ գնանք, որպեսզի կարողանանք մեզ համար պայմաններ ստեղծել և տեղացիներին համոզել, որ իրենք սիրում են թատրոն: Օրինակ՝ Արթիկում մենք խաղացինք «Գիրք ծաղկանց» ներկայացումը, որից հետո դերասաններն ասացին՝ «մենք այսպիսի հանդիսատես ոչ մի տեղ չենք ունեցել», ո՜նց էին ծափահարում, ո՜նց էին քննարկում»,- ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ բացի այդ երկու այցելություններից, ունեն Դիլիջանում ցուցադրություն անելու հրավեր, ինչպես նաև հրավերներ կան տարբեր համայնքներ, օրինակ՝ Ուկրաինա:

Ժիրայր Դադասյանը նաև նշեց, որ այս ընթացքում պատրաստում են նոր ներկայացում: Թատրոնի երիտասարդ դերասանուհիներից մեկը՝ Մերի Կիրակոսյանը, նոր ներկայացում է անում, որի պրեմիերան կլինի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:

Նրա դիտարկմամբ՝ գեղարվեստական առումով լուրջ փոփոխություններ են լինելու: Որպեսզի որոշակիորեն խթանեն թատերական «ժամանակակից տենդենցները», պիտի հնարավորություններ ստեղծվեն երիտասարդների համար, պիտի ոգևորեն, իրենց կողքին կանգնեն:

«Այս մեծ ուրախության մեջ ես մտածում եմ այն խնդիրների մասին, որոնք առաջանալու են, երբ տեղափոխվենք նոր տարածք, իսկ շատ խնդիրներ կապված են ֆինանսների հետ: Այնուամենայնիվ, երբ լինի սեփական տարածքը, մենք հնարավորություն կունենանք ներկայացում խաղալ այն օրերին, երբ ուզենք, այլ ոչ միայն՝ հինգշաբթի օրը: Մենք կկարողանանք ինչ-որ հարցեր կարգավորել, որ հարմար լինի աշխատելուն: Կան հարցեր, որոնց լուծման համար միայն այդ տարածքն է պետք»,- հավելեց Արամ Խոջոյանը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս