«Հայաստանի և Իրանի հարաբերությունները դառնում են տարածաշրջանային գործոն, որը կայունացնող դերակատարում ունի տարածաշրջանում». Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության, նշանակության և հեղինակության թուլացումը հանգեցնելու է Իրանի նշանակության և դերի բարձրացմանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետը կարևորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն Իրան և մասնակցությունն Իրանի նախագահ Ռուհանիի երդմնակալության արարողությանը.

«Աշխարհի զանգվածային լրատվական միջոցներն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ Հարավային Կովկասից և ընդհանրապես տարածաշրջանից միայն Հայաստանն էր նախագահի մակարդակով ներկայացված, մասնավորապես՝ Ալիևը չկար: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները երկկողմանի մակարդակից արդեն դուրս են գալիս և դառնում են տարածաշրջանային գործոն, մի գործոն, որը կայունացնող դերակատարում ունի տարածաշրջանում»:

Ռ. Սաֆրաստյանի դիտարկմամբ՝  այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի մասնակցել ամենաբարձր մակարդակով այս արարողությանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է լրջորեն վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը, որը, թուրքագետի կարծիքով, վերջին շրջանում բավական մտածելու առիթ է տալիս.

«Մի կողմից՝ Ադրբեջանը չի մասնակցում Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը, դրանով իսկ մեսիջ է ուղարկում Արևմուտքին և Միացյալ Նահանգներին, որ ինքը հետևում է ամերիկյան քաղաքականությանը տարածաշրջանում, որն էլի ավելի է փորձում ուժեղացնել ճնշումն Իրանի վրա, մյուս կողմից՝ Ադրբեջանն առանց որևէ պատճառ հայտնելու՝ հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի շրջանակներում Վրաստանում տեղի ունեցող այս զորավարժություններին, որին մասնակցում էր Հայաստանը, ինչը շատ զարմանալի է:

Սա էլ մեսիջ էր Ռուսաստանին, որ նա ցույց է տալիս, որ ինքը դիստանցիա է պահում Արևմուտքի հետ: Ադրբեջանը դիվանագիտական մանևրելով՝ փորձում է ապահովել իր համար ավելի բարենպաստ դիվանագիտական դաշտ՝ աշնանն իր գործողությունների համար տարածաշրջանում: Կարելի է նաև սպասել, որ աշնան ընթացքում համանախագահները կփորձեն ակտիվացնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցի շուրջ, և այս առումով Ադրբեջանը փորձում է և՛ այս կողմ, և՛ այն կողմ բևեռացնելով այս կամ այն գործընթացներում՝ իր դիրքերն ավելի ուժեղացնել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս