Բաժիններ՝

«Արդեն երաշտ ունենք, ծանր վիճակ է բոլոր տարածաշրջաններում». Հրաչ Բերբերյան

«Արդեն երաշտ ունենք։ Շատ ծանր վիճակ է Շիրակի գոտում, ուղղակի այնտեղ ոռոգումը փորձում են կատարել ժամանակացույցով։ Հիմա ոռոգման համար կրկնակի քանակությամբ ջուր է պահանջվում, որովհետև ջուրն անմիջապես գոլորշիանում է, և, բնականաբար, դա կազդի բերքի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ ծանր վիճակ է բոլոր տարածաշրջաններում, այլ հարց է՝ մեր ջրի քանակը բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, որն, ըստ բանախոսի՝ դա լուրջ ուսումնասիրության կարիք ունի։

Հ. Բերբերյանը նկատեց, որ պետք է այս հարցով հանձնաժողով ստեղծվի, որ պարզվի, թե ջրամբարների ջուրն ինչո՞ւ լավ չի կուտակվում, թե ինչո՞ւ ձագարները չեն մաքրվում։

«Վերջին 5 տարվա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ունենք ջրամբարների խնդիր՝ չնայած հսկայական գումարներ ծախսվեցին և՛ Համաշխարհային բանկի ռեսուրսներից, և՛ գերմանական վարկից, որ այդ  ջրամբարները բարվոք աշխատեն, սակայն արդյունքում՝ ձագարները չեն մաքրվում, հանրապետության նախագահի հանձնարարականը՝ բարեփոխումների ծրագրի հետ կապված, չի կատարվում»,- ասաց պարոն Բերբերյանը։

Նա նկատեց նաև, որ ոռոգման կաթիլային համակարգը դեռևս բարեփոխում չէ, և բարեփոխումները կլինեն, երբ ոռոգման համակարգի մոնոպոլ՝ մենաշնորհային վիճակը վերացվի.

«Մենք չենք ասում՝ ՋՕՄ-ը վատ աշխատող կառույց է, բայց մենք ուզում ենք ունենալ այլընտրանքային ոռոգման համակարգ։ Եթե խոշոր ֆերմեր է, մեծ գյուղ է, ինքը կարող է ՋՐԱՌ-ից ջուրը վերցնել, ի՞նչ կապ ունի էստեղ ՋՕՄ-ը։ Ցավոք սրտի, օրենսդրական դաշտում այդ մոնոպոլ վիճակը ստեղծել են, և այսօր մենք պայքարելու ենք նրա համար, որ լինի այլընտրանքային ոռոգում. ա՛յ սրանք են բարեփոխումները»։

Նրա դիտարկմամբ՝ այսօր ՋՐԱՌ-ը միայն և միայն ջուրը վաճառում է  ՋՕ-երին, ֆերմերները, անկախ իրենց ցանկությունից՝  պետք է դառնան ՋՕ-ի անդամ, պայմանագիր կնքեն ՋՕ-ի հետ և օգտվեն սպասարկումից։

«Մենք ֆերմերներ ունենք, որոնք լուրջ ծախսեր են անում ոռոգման համար և պատրաստ են անել, բայց ինչո՞ւ ՋՕ-ից վերցնեն, եթե կարող ենք ՋՐԱՌ-ից առնել»,- հավելեց պարոն Բերբերյանը։

Վերջինիս խոսքով՝ իրենք դժգոհ են նաև ջրի հաշվարկներից. «Շատ դժգոհ ենք այդ նորմատիվներից։ Մեկ հեկտարի կարտոֆիլի ոռոգման համար 16.000 դրամ են վճարում, իսկ իրական արժեքը պետք է լիներ 8-11.000 դրամ։ Ո՞վ է մշակել այդ նորմատիվները, իրենք իրենց համար մշակում են, գյուղացուն թալանում»։
Անդրադառնալով խաղողի բերքին՝ բանախոսը նկատեց, որ այս տարի մենք խաղողի մեծ քանակ չունենք, որովհետև շատ այգիներ ցրտահարված են, և, ըստ պարոն Բերբերյանի՝ այստեղ գոնե խնդիրներ պետք է չունենանք։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս