«Իրանը կարող է զորք մտցնել Նախիջևան». Սերգեյ Շաքարյանց

«Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններն Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ներկայացվում են՝ որպես լավ հարաբերություններ, իսկ Հայաստանը ներկայացվում է՝ որպես հարազատ ախպեր։ Դա, իհարկե, հետաքրքիր է, բայց իմանալով այն, որ Իրանը հինավուրց դիվանագիտության երկիր է, մենք կարող ենք դա ընդունել ուղղակի ի գիտություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում առաջին պլան է մղված հաղորդակցության ուղիների հարցը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը.

«Դա նախ և առաջ՝ Հայաստանի համար է կարևոր։ Տրանսպորտի առումով կարող ենք արդեն հաստատապես ընկալել, որ Պարսից ծոցից Սև ծով միջանցքը Հայաստանով՝ Իրանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից մեկն է։ Դա շատ շահավետ է Հայաստանի համար։ Եթե Իրանը ձգտում է ինչ-որ ծրագիր իրագործել, ապա այն միանշանակ իրագործվում է»։

Ըստ քաղաքագետի՝ Իրանի կողմից Ալիևը տրված է քամուն, բայց նրան վերահսկողությունից չեն ցանկանում բաց թողնել. «Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը մեզ համար հետաքրքիր է նրանով, որ ոչ մի ոչ տարածաշրջանային երկիր չպետք է մասնակցի Արցախյան հարցին։ Դա շատ խոր և բովանդակալից հայտարարություն է, և շատ լավ հասկանում ենք, որ Իրանը նկատի չունի Ռուսաստանին։ Դա վերաբերում է ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային։ Նմանատիպ մոտեցում Իրանը դրսևորում է անընդմեջ»։

Շաքարյանցը նշեց, որ տարածաշրջանում այս պահին Իրանի համար ավելի կարևոր է Հայաստանը, քան Ադրբեջանը. «Թե ինչի կբերի այդ փաստը, դժվարանում եմ կանխատեսել, որովհետև Իրանն ընդգրկված է մեծ քաղաքականության մեջ։ Տարածաշրջանային առումով ես մեծ սպասելիքներ ունեմ, քանի որ Իրանը սովոր է երկրորդ-երրորդ զգուշացումներից հետո զորքեր մտցնել այն տարածքներ, որտեղից ահաբեկիչները փորձում են մտնել պարսկական տարածք։ Ոչ հեռու անցյալում նրանք նմանատիպ պատրվակով երկու անգամ ներխուժել են Պակիստանի տարածք։ Ես չեմ տեսնում խոչընդոտ, որ վաղը չէ մյուս օրն Իրանն իր զորքերը չմտցնի Նախիջևանի տարածք։ Երբ նախկինում եղել են նման փորձեր, միշտ նշվել է, որ դա քրդական խմբավորում է, իսկ վերջին ահաբեկչությունների ժամանակ չի նշվում, թե որ տարածքից են փորձեր արվում ներխուժել Իրանի տարածք։

Դրա համար Իրանն ավելի է կարևորում Հայաստանի հետ համագործակցությունը, քան՝ տարածաշրջանային մյուս պետությունների հետ։ Ես վերջին բանակցություններին ներկա չեմ եղել և չգիտեմ, թե այդ առումով Ռուհանին ինչ առաջարկություն է արել Սերժ Սարգսյանին, ու Հայաստանն ինչ կարող է պատասխանել նման առաջարկին»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս