«Ես մինչև հիմա համոզված չեմ, որ այս գործարքն իր տրամաբանական ավարտին կհասնի». Ռուբեն Սաֆրաստյան

«Համաշխարհային քաղաքական իրադրությունը բավական սրվել է՝ կապված ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև տեղի ունեցող այս լարվածության գնալով աճին. այս առումով որոշ նոր երևույթներ կան, որոնք, ես կարծում եմ, որ կարևոր են նաև մեր տարածաշրջանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա գնալով ուժեղանում է զինվորականության ազդեցությունը, ինչը, ըստ նրա, նոր երևույթ է և կապված է Թրամփի նախագահության հետ.

«Եթե մենք փորձենք վերհիշել, ապա պետք է նշենք, որ իր առաջին քայլերից մեկը Թրամփը հռչակեց, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ԱՄՆ զինված ուժերին, և այս գործընթացն արդեն կամաց-կամաց երևում է, այսինքն՝ զինվորականության նշանակության բարձրացումն Ամերիկայի արտաքին քաղաքականության մեջ: Սա արդեն արտահայտվում է նաև մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ այն զորավարժությունները, որ տեղի են ունենում Վրաստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում, և որին մասնակցում է նաև Հայաստանը: Ըստ էության, դրանք մաս են կազմում մի ավելի լայնածավալ զորավարժությունների ծրագրի, որոնք տեղի են ունենալու Սև ծովի ողջ ավազանով, որին մասնակցելու են տասնյակ-հազարավոր զինված ուժեր և տասնյակ երկրներ»:

Ռ. Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ մյուս նոր երևույթը, որը ևս կարևոր է, այն է, որ սկսած այս տարվա առաջին ամիսներից՝ նշմարվում է Թուրքիայի ռազմավարական դերի և նշանակության թուլացումը:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կորցնում է իր դինամիկան: Սա կարևոր երևույթ է, ու կարծում եմ, որ պայմանավորված է այն ռազմավարական նշանակության սխալներով, որ թույլ տվեց Թուրքիայի ղեկավարությունը՝ ի դեմս Էրդողանի: Մասնավորապես, Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Գերմանիայի հետ սովորական երևույթ չէ, կարելի է ասել, որ սա ռազմավարական նշանակության երևույթ է: Գերմանիան այնպիսի երկիր է, որը շատ հետևողական է իր քաղաքականության մեջ և ունի մեծ հնարավորություններ եվրոպական երկրների վրա ներազդելու: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ պակասում են գերմանական ներդրումները, զբոսաշրջիկները Թուրքիայում: Գերմանիան, կարծես թե, քայլեր է ձեռնարկում Թուրքիայի վրա ֆինանսական ճնշում գործադրելու առումով»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ստրատեգիական առումով մեկուսացումից փորձեց դուրս գալ Էրդողանի կողմից նախանշված և իրականացված մի քայլով, որը, ըստ բանախոսի՝ լիովին բացահայտում է նրա արկածախնդիր էությունը.

«Թուրքիան որոշեց ռուսների հետ գնալ գործարքի՝ ձեռք բերելու հրթիռային համակարգեր, որը Թուրքիային առանձնապես պետք էլ չի, և շատ դժվար կլինի դա իրականացնել, գործարկել: Կարծում եմ՝ սա իրական գործարք չէր Էրդողանի կողմից: Տեսնելով, որ Թուրքիան իր նշանակությունը կորցնում է ԱՄՆ-ի և արևելյան դաշնակիցների համար, սա փորձ էր իր նշանակությունը բարձրացնելու ու փորձելու արդեն նոր հարթության վրա որոշակի համաձայնությունների գալ: Ես մինչև հիմա համոզված չեմ, որ այս գործարքն իր տրամաբանական ավարտին կհասնի: ԱՄՆ-ը Թուրքիայի այս խաղերը էլ չի ընկալում՝ որպես իրական քաղաքականություն, և կարծում եմ՝ սա ավելի կթուլացնի Թուրքիայի ստարտեգիական դիրքերը և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում»:

Թուրքագետը գտնում է՝ սեպտեմբերից զարգացումներն ավելի կարագանան տարածաշրջանում: Ըստ նրա՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության, նշանակության և հեղինակության թուլացումը հանգեցնելու է Իրանի նշանակության և դերի բարձրացմանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս