«Փյունիկը» մեկնաբանում է գլխավոր մարզչի հետ կապված շշուկները
Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է այն, որ «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել նոր մարզչի հետ և պատրաստվում է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել ոչ վաղ անցյալում նշանակված Արմեն Գյուլբուդաղյանցին:
Մամուլում շրջանառվող լուրերին ի պատասխան՝ «Փյունիկը» տեղեկացնում է, որ նոր մարզչի հետ ակումբը դեռևս պայմանագիր չի ստորագրել:
Գլխավոր մարզչի պաշտոնի հարցում «Փյունիկը» բանակցություններ է վարում ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյի հետ, ով մոտ օրերս կժամանի Երևան: Բանակցություններն ավարտական փուլում են գտնվում, և պայմանագիր ստորագրելուն պես «Փյունիկը» հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Ակումբը պարզաբանում է նաև Արմեն Գյուլբուդաղյանցի հետ կապված խոսակցությունները:
«Արմեն Գյուլբուդաղյանցը, ով ի սկզբանե նշանակվել էր «Փյունիկի» սպորտային տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար, երկկողմ համաձայնությամբ ժամանակավորապես ստանձնել էր թիմի ղեկը Եվրոպա լիգայի խաղերին ընդառաջ և առ այսօր շարունակում է պատրաստել փյունիկցիներին մեկնարկող առաջնությանը»,- նշում են ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան