Բաժիններ՝

«Հայաստանի հավաքականն արդեն հպարտանալու առիթ է տվել ողջ երկրին». FIBA

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` FIBA-ն,  անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթական մեկնարկին՝  Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում:

Աղբյուրը գրում է, որ ամիսներ առաջ շատերը թերահավատորեն կվերաբերվեին Հայաստանի հավաքականին՝ կարծելով, որ նրանք կձախողեն Աշխարհի առաջնության ընտրական փուլը, բայց հայ բասկետբոլիստներն առաջին խաղը շատ վստահ անցկացրին և կարողացան հաղթել վստահ հաշվով:

«Թե՛ Երևանում և թե՛ այլ տեղերում այլևս ոչ ոք նման կերպ չի մտածում: Առաջին իսկ խաղում հայ բասկետբոլիստները ցույց տվեցին, որ կարող են անել ավելին, քան շատերը մտածում են»,- գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով հայ բասկետբոլիստ Արկադի Մկրտչյանի խոսքերը:

Կայքն անդրադարձել է նաև հայկական ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի խոսքերին, ով նշել էր, որ մեկնարկը հրաշալի էր, սակայն թիմը դեռ ունի 5 խաղ, որոնք ևս պետք է բարձր մակարդակով անցկացնել:

«Ես հավատում եմ, որ այս հաղթանակը լավ կանդրադառնա թիմի վրա: Հավատում եմ իմ տղաներին»,- ասել էր Բավցևիչը:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականը ստիպեց երկրպագուներին կրկին հավատալ հաղթանակներին:

«Գուցե հայերը նորից հաղթեն, գուցե` պարտվեն: Անկախ ամենից՝ հավաքականն արդեն հպարտանալու առիթ է տվել ողջ երկրին: Հայաստանը պատճառ ունի հավատալու, որ կարող է հասնել իր նպատակներին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հաղթանակով նշեց նորամուտն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Հայաստանը հյուրընկալեց Սլովակիայի ընտրանուն և համոզիչ հաշվով հաղթանակ տարավ՝ 75:61:

Հայաստանի հավաքականի կազմում 22 միավորով ամենաարդյունավետ խաղացողն Ալան Հեսսն էր, մրցակցի թիմում՝ Ռադոսլավ Ռանչիկը՝ 20 միավորով:

Օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Շվեդիային:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս