«Եթե պետք է լուրջ կոնֆլիկտ լինի, ապա դրա շուտ լինելը կարող է ձեռնտու լինել Հայաստանին ավելի, քան Ադրբեջանին». Հայկ Մարտիրոսյան
«Ինչ-որ մի պահի Ադրբեջանը լուրջ կոնֆլիկտի, անշուշտ, կգնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ սա մեծ պատերազմի մեծ հատված է. «Իրենք ունեն քաղաքականություն՝ Հայաստանը հայաթափելու, Հայաստանում ստեղծելու հուսահատության, հուսալքության իրավիճակ՝ անընդհատ մեր զինվորներին սպանելով, տարբեր ռազմական միջադեպեր հարուցելով՝ անկայունությունը և լարվածությունը պահելու, հետևողականորեն արնաքամ անելու և բարոյալքելու: Իհարկե, այս ժողովուրդն ունի բավական հետաքրքիր և եզակի մի հատկություն՝ դիմանալու և դիմադրելու շատ երկար: Կարծում եմ՝ ինչ-որ մի պահի Ադրբեջանն անպայմանորեն կգնա շատ կտրուկ գործողությունների, ինչպես դա արեց ապրիլին, բայց ավելի լայնամասշտաբ, ավելի խելացի, ավելի լավ պլանավորված:
Ես հուսով եմ, որ ընդհանրապես հաջողություն չեն ունենա, բայց եթե այս տեմպերով գնա, ու նրանք սպառազինվեն այս տեմպերով, այսպիսի որակով, այսպիսի բազմազանությամբ… Ժամանակը միանշանակ իրենց օգտին է աշխատում, իրենք հիմար չեն, որ հիմա միլիարդավոր դոլարներ շարունակեն ծախսել ռազմական բյուջեի վրա: Նրանք հստակորեն մեծացնում են իրենց ռազմական հզորությունը, ու որևէ երկիր, որն ունի առաջնային տնտեսական խնդիրներ, դա չէր անի, եթե առաջնային խնդիր չհամարեր պատերազմը»:
Հ. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիների համար առաջնային խնդիրը Հայաստանը նվաճելն է. «Թող մոլորությունից ազատվեն Հայաստանում, թե խնդիրն այլևս Արցախի մասին է: Արցախի շուրջ խնդիրն ավարտվել է 1990-ականների կեսերին, սկսվել է Հայաստանի մասին խնդիրը»:
Նա գտնում է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը կգնա շատ կտրուկ գործողությունների. «Եթե պետք է դա լինի, ապա որքան շուտ լինի, այնքան ավելի լավ Հայաստանի համար, որովհետև ժամանակն աշխատում է ադրբեջանցիների օգին, իրենք շատ ավելի մեծ տեմպերով են զինվում, զինվում են մի քանի տարբեր աղբյուրներից՝ ի տարբերություն Հայաստանի: Ամեն առումով ժամանակը Հայաստանին ի վնաս է աշխատում, և, եթե պետք է լինի նման բան, ապա դրա շուտ լինելը կարող է ձեռնտու լինել Հայաստանին ավելի, քան Ադրբեջանին, որովհետև ուժերի հարաբերակցությունը ժամանակի մեջ ի վնաս Հայաստանի է աշխատում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: