Կրեմլը համաձայն է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակի վերաբերյալ Թրամփի գնահատականին
Կրեմլը համաձայն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետին, որը հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները «վտանգավոր ցածր մակարդակի վրա են»: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Լիովին համամիտ ենք այդ կարծիքին»,- նշել է նա: Պեսկովը հավելել է, որ այդ վտանգը «կարող է դրսեւորվել փոխգործակցության եւ համագործակցության դեֆիցիտով այն հարցերում, որոնք կենսականորեն կարեւոր են մեր երկու երկրների ու ժողովուրդների համար»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններg զգալիորեն վատացել են , եւ դրանում մեղադրել է ամերիկյան Կոնգրեսին: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ավելի վատ են, քան երբեւԷ եւ գտնվում են վտանգավոր ցածր մակարդակի վրա»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Դրա համար կարելի է շնորհակալություն հայտնել Կոնգրեսին»,- հավելել է նա:
Ավելի վաղ CNN-ի քաղաքական թղթակից Սթիվեն Քոլինսը գրել է, որ Ռուսաստանը եւ
ԱՄՆ-ն ավելի ու ավելի խորն են սուզվում սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենածանր ժգնաժամի մեջ: Հեղինակն այսպես է մեկնաբանել Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների մասին օրենքի ստորագրումը եւ Մոսկվայի «պայթուցիչ պատասխանը»՝ Կոնգրեսին դիմադրություն ցույց չտալու նրա որոշմանը: Քոլինսի տեսակետով՝ իրադրությունն ավելի վտանգավոր է դառնում նաեւ այն բանի հաշվին, որ Սպիտակ տունը մինչ օրս չի կարողանում հստակ արտահայտել, թե Ռուսաստանի նկատմամբ ինչ քաղաքականության կողմնակից է ինքը:
«Մոսկվայի նկատմամբ հաշտեցման եւ առճակատման միաժամանակյա քաղաքականությունը՝ ազդեցության համար Կոնգրեսի եւ նախագահի միջեւ պայքարի հետ մեկտեղ սպառնում է ստեղծել խառնաշփոթություն, որը երկու միջուկային տերությունների համար մեծացնում է սխալի շանսերը»,- գրում է նա:
Մինչդեռ Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր օրենքը, որը միակողմանի պատժամիջոցների խստացում է նախատեսում Մոսկվայի, Թեհրանի եւ Փենյանի նկատմամբ, պատերազմի հայտարարում չէ Ռուսաստանին: Հարցին՝ հիշատակված նորմատիվային-իրավական փաստաթուղթը բառիս իրավաբանական իմաստով հավասարազոր է արդյոք Ռուսաստանին առեւտրական պատերազմ հայտարարելուն, նա պատասխանել է՝ «իհարկե, ոչ»:
«Դա պատերազմի հայտարարում չէ»,- հավելել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Ընդսմին նա նշել Է, թե չի ծանոթացել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը, որը ԱՄՆ-ում հիշյալ օրենքի հայտնվելը գնահատել է որպես «լիարժեք առեւտրական պատերազմի» հայտարարում Մոսկվային:
Առանձին կառավարություններից առանձին անձինք նման չափազանցված բաներ են ասում»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: