Թուրքիայում գերմանացի լրագրողին 15 տարվա ազատազրկում է սպառնում
Etkin լրատվական գործակալության թղթակից և թարգմանիչ Մեշալե Թոլուին 15 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Թոլուն ձերբակալվել է 2017-ի ապրիլի 30-ին և մայիսի 6-ին ազատազրկվել «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, ահաբեկչության քարոզ իրականացնելու» մեղադրանքներով: Դատախազը Ստամբուլի 29-րդ ծանր հանցագործություններ քննող դատարանում մեղադրական եզրակացության համաձայն` պահանջել է 15 տարվա ազատազրկում:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալվել էին Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացի 10 իրավապաշտպաններ:
Իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել էր Թուրքիայում ակտիվիստներին, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:
Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ էր հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով: