
«Սա մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ կամ գործընթաց է». Հայկ Մարտիրոսյանը՝ Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց, որ այն, որ Հայաստանը դիտարկվում է միակողմանի կողմնորոշում ունեցող երկիր, որը միջազգային լարված իրավիճակում հայտնված մի պետության կցորդն է, դրանում որևէ կասկած չկա:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի պատագամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկ էր հնչեցրել, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ արձակուրդներից հետո իրենց խմբակցությունում այդ հարցը կքննարկեն:
168.am-հարցին, թե ինչքանո՞վ է իրատեսական Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն այս իշխանությունների օրոք, և ի՞նչ ռիսկեր դա կարող է պարունակել՝ Հ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ընդհանրապես իրատեսական չէ: Փաստացիորեն առկա ստեղծված իրավիճակում, ներկա իրերի դրության պարագայում, ներկա իշխանության պայմաններում ուղղակիորեն բացառված է, սա այն եզակի դեպքերից է, որ կարելի է ասել՝ 100 տոկոսով բացառված է: Այնպես որ, ես այդ քայլերում տեսնում եմ քաղաքական այլ, բարդ, բայց պարզ տեսանելի հաշվարկ և դա համարում եմ ընդհանուր Հայաստանի քաղաքականության մեջ մի քայլ՝ որոշակի խնդիրներ լուծելու առումով: Իրատեսականությանը չեմ հավատում, որովհետև բոլորն են հասկանում, որ անհնար է»:
Մեր ճշտող հարցին, թե՝ ի՞նչ հաշվարկի մասին է խոսքը, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Քաղաքականության մեջ գոյություն ունի սակարկելիության գին, ես կարծում եմ՝ սա մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ կամ գործընթաց է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: