Ռաքայում կոալիցիայի օդուժի գրոհի զոհ է դարձել յոթ երեխա. SANA
ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 4-ին Ռաքա քաղաքում (Դամասկոսից 520 կիլոմետր) գրոհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դիրքերը: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, հարձակման հետեւանքով զոհվել է մի ընտանիքի ութ անդամ, որոնց թվում՝ յոթ երեխա եւ կին։
Գործակալության տեղեկատվությամբ, հարվածները վաղ առավոտյան հասցվել են Իմամ ան-Նուրի մզկիթի շրջանի եւ Հարեթ-Բեդավի փողոցի, ինչպես նաեւ քաղաքի հյուսիսում զինյալների կողմից գրավված բանակային զորանոցի հարեւանությամբ գտնվող թաղամասերին:
Հուլիսի 28-ին Ռաքայի Էն-Նահդա թաղամասում ռմբակոծության զոհ էր դարձել ավելի քան 50 խաղաղ բնակիչ, եւս մոտավորապես 90 մարդ վերքեր Էէին ստացել: Կոալիցիայի ռազմաօդային ուժերն աջակցություն են ցուցաբերում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումներին, որոնք մարտեր են մղում Ռաքայի փողոցներում: Եփրատի վրա գտնվող այս նահանգային կենտրոնի գրոհը, որը ահաբեկիչների գլխավոր ամրակետն է Սիրիայում, սկսվել է հունիսի 6-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: