Բաժիններ՝

Աֆղանստանում վրացի զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են

Վրացի զինծառայող Մդինարի Բեբիաշվիլին, որը մասնակցում է Աֆղանստանում իրականացվող «Վճռորոշ աջակցություն» առաքելությանը, հարձակման հետեւանքով զոհվել է Բաղրամի ավիաբազայի մերձակա տարածքի համատեղ մեքենայացված պարեկման ժամանակ:

Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ: 26-ամյա կրտսեր սերժանտը ծառայում էր Վրաստանի զինված ուժերի երկրորդ հետեւակային բրիգադի 23-րդ գումարտակում:

«Վրաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում պատահածի կապակցությամբ եւ վշտակցում զոհված խաղաղապահի ընտանիքին»,-ասված է հայտարարության մեջ:

Հարձակման հետեւանքով տուժել են եւս երեք վրացի զինվորականներ: Նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս երկուսինը՝ բավարար: Նրանց բոլորին տեղավորվել են Բաղրամի ավիաբազայի հոսպիտալում:

ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Նրա գլխավոր խնդիրն անվտանգության ազգային ծառայությունների աշխատողների, ոստիկանության եւ զինծառայողների պատրաստումն է: Դաշինքի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, ներկայում Աֆղանստանում տեղաբաշխված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների շուրջ 13 հազար զինծառայողներ, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս