Բաժիններ՝

Շոփինգն արտասահմանում դադարել է գերակայություն լինել չինացի զբոսաշրջիկների համար

Այս տարի չինացի զբոսաշրջիկներն առաջին անգամ կսահմանափակեն գնումների վրա կատարվող ծախսերը եվրոպական եւ ասիական քաղաքների խանութներում եւ կշարունակեն ծախսերն ավելացնել ռեստորանների ու էքսկուրսիաների համար: Այդ մասին վկայում են Hotels.com եւ Ipsos հյուրանոցների ամրագրման կայքի ամենամյա հարցման տվյալները։

2017 թվականի հարցման տվյալներով՝ արտասահման հանգստանալու մեկնած չինացիների միայն երրորդ մասն է շոփինգը համարել գլխավոր շարժառիթ: 2016 թվականին արտասահմանում գնումները գերակայություն են եղել հարցվածների երկու երրորդի համար:

«Պատմության մեջ առաջին անգամ շոփինգը դադարել է լինել չինական միջազգային զբոսաշրջության հիմնական պատճառը,- Financial Times-ին հայտարարել է Hotels.com-ի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով փոխնախագահ Աբհիրամ Չաուդրին:- Այն կարծրատիպը, որ չինացի զբոսաշրջիկները մեկնում են միայն գնումների համար, անցնում էանցյալի գիրկը: Երեւում է՝ նրանք ցանկանում են ավելի շատ տպավորություններ ստանալ»:

Oliver Vyman կոնսալտինգային ֆիրմայի հարցման տվյալներով՝ ՉԺՀ-ից զբոսաշրջիկները 2016 թվականին արտասահմանում միջին հաշվով ծախսել են 20 հազար յուան (մոտավորապես 3 հազար դոլար)՝ փոքր-ինչ ավելի, քան մեկ տարի առաջ: Դրա հետ մեկտեղ շոփինգի ծախսերը 2015 թվականի 8,05 հազար յուանից ընկել են մինչեւ 6,7 հազար յուան:

Վերլուծաբանները նշել են, որ արտագնա տուրիզմը հասանելի է դարձել բնակչության՝ գործնականում բոլոր շերտերի համար, այլ ոչ թե առավել ապահովված չինացիների համար, ինչը նաեւ բացատրում է գնումների վրա կատարվող ծախսերի նվազումը:

FT-ն նաեւ անցկացրել է սեփական հարցում, որի համաձայն, չինացիներն այս տարի շոփինգի վրա ծախսերի բաժինը նվազեցրել են մինչեւ 37 տոկոս՝ 2013 թվականի 47 տոկոսից: Միեւնույն ժամանակ ապրելու, սննդի եւ ժամանցի ծախսերը 31 տոկոսից ավելացել են մինչեւ 44 տոկոս:

2016 թվականին Չինաստանի քաղաքացիները 122 մլն ուղեւորություններ են կատարել երկրի մայրցամաքային մասի սահմաններից դուրս (այդ թվում՝ Հոնկոնգ եւ Մակաո), 2015 թվականի նկատմամբ աճը կազմել է 4 տոկոս: Չինացի զբոսաշրջիկների 80 տոկոսից ավելին ուղեւորվում են Ասիայի այլ երկրներ: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանգստացողների թիվը 2016 թվականին ավելացել է 25 տոկոսով եւ 12 տոկոսով՝ համապատասխանաբար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս