«Կարծում եմ՝ Արցախյան շարժումն անպայման կհաղթի, որովհետև արդեն հայ ժողովուրդը դուրս է եկել ռուս-թուրքական ճիրաններից». Ազատ Արշակյան
«Սա ռուս-ամերիկյան հարաբերությունների ոչ թե վատթարացում է, այլ նորմալացում, հենց այսպիսին պետք է լինեն նրանց հարաբերությունները. մեկն ազատության զինվորն է, մյուսը՝ բռնության»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը:
Ա. Արշակյանի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է անպայման միշտ պայքարի մեջ լինեն, և դա դաժան պայքար պետք է լինի. «Կա՛մ պետք է միջնադարն ապրի՝ իր դիսկրիմինացիոն, հետադիմական, պահպանողական սկզբունքներով և ծրագրերով, կա՛մ պետք է ազատությունը հաղթանակի, ես կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք արտահայտեցին իրենք իրենց, թե ով ինչ շահեր ունի ու ինչ է պաշտպանում»:
Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենը Հայաստանի վրա անպայման կազդի, որովհետև, նրա խոսքով՝ Հայաստանը բռնության զոհ է. «Եթե բռնությունը հաղթանակեց, ուրեմն՝ Հայաստանը կկորցնի իր ազատությունը, անկախությունը, առաջադիմությունը, ժողովրդավարությունը, ամեն ինչ կկորի, կվերադառնանք ռուսական իմպերիա: Եթե հաղթի ժողովրդավարությունը, ազատությունը, այսինքն՝ եթե Միացյալ Նահանգները հաղթեն, ուրեմն՝ մենք կհաղթենք»:
Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիվանագիտությունն այս պարագայում, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Նախ՝ պետք է լինի դիվանագիտություն, հարկավոր է դուրս շպրտել, ուղղակի քշել բոլոր ինքնուսույց, ինքնագործունեությամբ զբաղվող դիվանագետներին: Հայաստանում պետք է դիվանագիտությունով զբաղվեն դիվանագետները, և բոլոր ինքնուսույց ծաղրածուները պետք է դուրս շպրտվեն այնտեղից: Արտաքին գործերի նախարարությունը պետք է դարձնել դիվանագետների ասպարեզ, և դիվանագիտությունը պետք է զբաղվի Հայաստանի շահերը պաշտպանելով»:
Ա. Արշակյանը գտնում է՝ ռուս-ամերիկյան այս առճակատումն անպայման կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության վրա. «Կարծում եմ՝ Արցախյան շարժումն անպայման կհաղթի, որովհետև արդեն հայ ժողովուրդը դուրս է եկել ռուս-թուրքական ճիրաններից: Հիմա չեմ կասկածում, որ հաղթելու ենք, Ղարաբաղը մնալու է մերը, և անցնելու ենք հաջորդ քայլերին՝ Նախիջևան, Ղարս, ընդհանրապես Մոսկվայի ռուս-թուրքական դաշինքի չճանաչման հարցը պետք է դրվի առաջիկայում»: