ԵՄ-ն կգնահատի ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական նախագծերի վրա
Եվրամիությունը կգնահատի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը եվրոպական նախագծերի վրա: Օգոստոսի 3-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մինա Անդրեեւան։
«Մենք կուսումնասիրենք, թե ինչպես կիրագործվի օրինագիծը: Կտեսնենք, թե այն ազդում է արդյոք եվրոպական նախագծերի, Եվրամիության շահերի վրա»,- ասել էնա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները կազդեն արդյոք «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցման նախագծի վրա: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ուշադրությամբ կքննարկի «գործ գործի հետեւից եւ կպահպանի զգոնությունը»: «Եթե դրանք վնասեն ԵՄ-ի ընկերություններին կամ եվրոպական շահերին, մենք պատրաստ կլինենք գործելու»,- ընդգծել է Անդրեեւան:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ Եվրամիությունը կպաշտպանի իր շահերը, եթե Վաշինգտոնը դրանք հաշվի չառնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու գործընթացում: Նա գոհունակություն է հայտնել այն բանից, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված՝ հակառուսական պատժամիջոցների խստացման օրենքում հաշվի են առնվում Եվրամիության մտահոգությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: