
Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքը հանվել է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա:
Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է բողոքի քննարկման ընթացակարգ:
Իրավասու պետական մարմնի հետ կատարված համատեղ աշխատանքների արդյունքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից որոշում է կայացվել քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու մասին:
Իրազեկում.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`
- հաշմանդամներին.
- ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
- առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
- ալիմենտային պարտավորությունների համար.
- որպես պետական նպաստ.
- վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.
- տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
- աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ