Մոլդովան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռոգոզինին
Մոլդովայի իշխանությունները Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել են պերսոնա նոն գրատա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության նախարարների կաբինետին:
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում: «Առաջարկում եմ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին պերսոնա նոն գրատա ճանաչել Մոլդովայում եւ նրան արգելել հատել մեր երկրի տարածքը»,-միջոցառման ժամանակ ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Անդրեյ Գալբուրը. նրան պաշտպանել է նախարարների կաբինետի անդամների մեծամասնությունը:
Օգոստոսի 2-ին ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով հանրապետության կառավարության սեփական աղբյուրներ, բացատրել է, որ նման որոշման պատճառը դարձել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված Ռոգոզինի հարցազրույցը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ Քիշնեւում համարել են, որ ռուս պաշտոնյան «անբարյացակամ եւ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Մոլդովայի քաղաքացիների, նրա ղեկավարության հասցեին, որոնք վերաբերում են մոլդովական պետության իմիջին ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»: