Ձերբակալվել է թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր
Ձերբակալվել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Վանի նահանգից ընտրված պատգամավոր Լեզգին Բոթանը:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
Պատգամավորը ձերբակալվել է Վանի Ֆերիթ Մելեն Օդանավակայանում, երբ ցանկացել է մեկնել Անկարա:
Դեռևս ձերբակալության պատճառների նվերաբերյալ հայտարարություն չի արվել:
Հուլիսի 29-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մեկ այլ պատգամավոր Սաադեթ Բեջերիքլին Բաթմանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո ձերբակալվել է:
Բեջերիքլիին ձերբակալելու մասին որոշում էր կայացվել դեռևս հուլիսի 18-ին: Նա մեղադրվում է «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու մեջ:
Թուրքիայի բանտերում շարունակում են կալանավորված մնալ քրդամետ կուսակցության ութ պատգամավոր: Նրանց շարքում է նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: