Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել «Նարդարանի գործով» ձերբակալվածներին. նրանք կրկին պատժախցերում են
Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել անհնազանդ Նարդարան ավանի բնակիչներին, նրանց ձերբակալված ներկայացուցիչների նկատմամբ շարունակում են կիրառել անմարդկային միջոցներ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Նարդարանի գործով ձերբակալված» և Ադրբեջանի Գաբուստանի բանտում ազատազրկված Թալե Բաղըրզադեն, Աբբաս Հուսեյնը և Ջաբբար Ջաբարրովը տեղափոխվել են հատուկ և խիստ պայմաններով պատժախուց:
«Նարդարանի գործով» ձերբակալվածները, ինչպես ձերբակալությունների ժամանակ, այնպես էլ հետագայում խոշտանգումների են ենթարկվել, պահվել վատ և ամարդկային պայմաններում:
2015 թվականի նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:
Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով: «Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում և թռուցիկներ բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ: