Բաժիններ՝

Աշոտ Սարդարյանը և Նաիրի Մինասյանը տեղափոխվեցին «Ալաշկերտ»

Նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ՝ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» համալրվեց ևս երկու ֆուտբոլիստներով:

«Ալաշկերտ» են տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպաններ Աշոտ Սարդարյանը և Նաիրի Մինասյանը: Պայմանագրերը նախատեսված են մինչև 2020 թվականը:

25-ամյա եզրային կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Ժենես» ակումբում: Մինչ այդ Սարդարյանը երկու մրցաշրջան է անցկացրել Երևանի «Փյունիկի» կազմում, 1 գոլ է խփել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 4 խաղերում` գրավելով Իսլանդիայի հավաքականի դարպասը:

Պայմանագրի ստորագրումից հետո Սարդարյանը կիսվել է  իր տպավորություններով.

«Հիանալի տպավորություններ ունեմ, թիմում շատ ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված: Հետևում էի «Ալաշկերտի» մրցելույթներին և կարող եմ ասել, որ շատ լավ թիմ եմ տեղափոխվել: Պետք է պահպանենք չեմպիոնական տիտղոսը և մեկ քայլ առաջ կատարենք Չեմպիոնների լիգայում: Ամեն ինչ կանեմ «Ալաշկերտին» առավելագույնս օգնելու, ինչպես նաև` հավաքականի մարզիչների ուշադրությանն արժանանալու համար»:

21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Նաիրի Մինասյանը, ով ներկայացրել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները, հրավիրվել է նաև ազգային հավաքական, ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Բանանցի» կազմում:

«Պատրաստ եմ ներդնել ամբողջ ուժերս` «Ալաշկերտի» հաջողություններին նպաստելու համար»,- իր հերթին՝ նշել է Մինասյանը

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս