
«Շատ շոգ ամառը չի ենթադրում շատ ցուրտ ձմեռ». Գագիկ Սուրենյան

«Այս տարի նախորդ տարվա համեմատ շատ շոգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ նախորդ տարի մենք ընդամենը մեկ-երկու օր ենք ունեցել 38-39 աստիճան տաքություն, մեկ օր էլ՝ 40 աստիճան, իսկ այս տարի նախորդ տարվա համեմատ՝ բավական շոգ է:
Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այս կլիմայական փոփոխությունները՝ Գ. Սուրենյանն այսպես պատասխանեց. «Այս երևույթը, որ հիմա դիտվում է, ավելի շատ կապված է ցիկլի փոփոխությունների հետ, ինչը կապված է մթնոլորտի շրջանառության ընդհանուր առանձնահատկությունների հետ, նման բաներ պարբերաբար լինում են, և պետք չէ սա կապել հենց կոնկրետ կլիմայի փոփոխության հետ»:
Դիտարկմանը, թե ընդունված է ասել՝ եթե շատ շոգ ամառ է լինում, ուրեմն՝ շատ ցուրտ ձմեռ է լինելու, Գ. Սուրենյանն այսպես արձագանքեց. «Գիտական առումով այդ կապը բացարձակապես զրո է, մենք ունեցել ենք շատ ցուրտ ձմեռներ և շատ զով ամառներ, և՝ հակառակը: Այսինքն՝ նման գիտական կապ գոյություն չունի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: