Apple-ը iPhone-ի վաճառքների աճ է արձանագրել
Apple-ը երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունիսի 30-ին, iPhone սմարթֆոնների վաճառքների աճ է գրանցել: Այս տվյալները հետեւում են ընկերության՝ օգոստոսի 1-ին հրապարակված ֆինանսական հաշվետվությունից։
iPhone-ի վաճառքները նշված եռամսյակի ընթացքում կազմել են շուրջ 41 մլն միավոր, ինչը մոտավորապես 1,6 տոկոսով ավելի է մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ (40,4 մլն միավոր):
Այս տվյալները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, որոնք վաճառքները կանխատեսում էին ոչ ավելի քան 40,7 մլն սմարթֆոնների չափով: Դրա հետ մեկտեղ անցած եռամսյակի ընթացքում Apple-ի հասույթը աճել է՝ հասնելով 45,41 միլիարդի, ինչը նույնպես գերազանցել է փորձագետների կանխատեսումները: Անցած տարվա երրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավանդաբար ընկերության համար ամենաթույլն էհամարվում եկամուտների առումով, հասույթը կազմել է 42,36 մլրդ դոլար: Այսպիսով, տվյալ ցուցանիշի աճը կազմել է 7,2 տոկոս:
Նշված ժամանակաշրջանում զուտ եկամուտը գրանցվել է 8,72 մլրդ դոլարի չափով կամ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 1,67 դոլար (անցյալ տարի՝ 7,8 մլրդ դոլար կամ բաժնետոմսի դիմաց՝ 1,42 դոլար):
Ինչպես կանխատեսում են փորձագետները, ընթացիկ եռամսյակի արդյունքներով, կորպորացիան կվաճառի մոտավորապես 45,5 մլն iPhone: Reuters գործակալության վերլուծաբանների սպասումների համաձայն, ընդհանուր հասույթն այդ ժամանակաշրջանում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, կկազմի 49 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի:
Apple-ում սպասում են, որ այս թիվը կարող է հասնել 52 մլրդ դոլարի: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ, ինչպես նաեւ այլ տեխնիկա: Կորպորացիան խոշորագույններից մեկն է աշխարհում, նրա շուկայական կապիտալացումն ընթացիկ ամսվա սկզբի դրությամբ գերազանցում է 780 մլրդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: