Բաժիններ՝

Բեռլինում դեմքերի ճանաչման համակարգ են գործարկել

Բեռլինում օգոստոսի 1-ին գործարկել են դեմքերի ավտոմատ ճանաչման համակարգ, որը մշակվել է ԱՄՆ-ում: Առայժմ թեստային ռեժիմով: Դրա նպատակն է բարձրացնել անվտանգության մակարդակը հասարակական վայրերում եւ տեսնել, թե դրան ինչպես կարձագանքի հասարակությունը:

Թեեւ այս գափարն ունի նաեւ քննադատներ: Մարդիկ կարծում են, թե այս փորձնական ծրագիրը խախտում է իրենց անձնական կյանքը։Համակարգը թեստավորում են Զյուդկրոյց կայարանում՝ բեռլինյան էլեկտրագնացքի ամենածանրաբեռնված կառամատույցներից մեկում:

Այնտեղ կախել են տեսախցիկներ, որոնք կարող են հաշվարկել անցորդների դեմքերի կենսաչափական տվյալները: Նկարահանումը կատարվում է շուրջօրյա, իսկ համակարգչային ծրագիրը մշտական ռեժիմով ստացված լուսանկարներն ու տեսագրությունները համեմատում է տվյալների պահոցի հետ:

Այժմ այնտեղ պահվում են 250 մարդու լուսանկարներ, որոնք որոշել են կամավոր հիմունքներով մասնակցել փորձին: Եթե համակարգիչը համընկնում է տեսնում, ապա անմիջապես տեղեկացնում է հերթապահներին: Հեռանկարում տվյալների պահոցը բաղկացած կլինի հետախուզման մեջ գտնվող հանցագործների լուսանկարներից:

«Այս համակարգը մեզ կօգնի կանխելու հանցագործությունները եւ խուսափելու պոտենցիալ վտանգավոր իրավիճակներից,- հայտնել են ֆեդերալ ոստիկանությունում:- Մենք կկարողանանք նախօրոք ճանաչել ենթադրյալ հանցագործներին, նախքան նրանք հարձակում կկատարեն»:

Համանման տեսակետ են հայտնում ներքին գործերի նախարարությունում: «Դա մեզ կօգնի բարձրացնելու անվտանգության մակարդակը հասարակական վայրերում»,- ասել է գերատեսչության ղեկավար Թոմաս դե Մեզիերը:

Սակայն դեմքերի ճանաչման համակարգի ներդրմանը հասարակության արձագանքը միանշանակ չէ: Վերստին հրատապ է դառնում հետեւյալ հարցը. որտե՞ղ է անցնում սահմանն անվտանգության եւ մարդու իրավունքների խախտման միջեւ: Ինչպես ասում է անձնական տվյալների պաշտպանության հարցերով Բեռլինի կառավարության լիազոր Մայա Սմոլչիկը, այս համակարգը «վիթխարի ռիսկեր» է թաքցնում, քանի որ տեսականորեն կարող է օգտագործվել ոչ ըստ նպատակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս