
Պենտագոնը դադարեցրել է օտարերկրացիների ընդունումը ծառայության. Fox News

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է ծնունդով այլ երկրների քաղաքացիների ընդունումը ծառայության՝ «անվտանգության համար պոտենցիալ վտանգների» պատճառով, ինչի մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է այսպես կոչված MAVNI ծրագրին, որն անհրաժեշտ մասնագիտություններ ունեցող ներգաղթյալներին եւ ոչ ներգաղթյալներին հնարավորություն էր ընձեռում ծառայության ընդունվելու ԱՄՆ-ի զինված ուժեր՝ ամերիկյան քաղաքացիության արագացված տրամադրման դիմաց: Ծրագիրը մտահղացվել էր տակավին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք, իսկ սկսել էր գործել Բարաք Օբամայի օրոք 2009 թվականին: Այդ տարիներին ծառայության է ընդունվել ավելի քան 10 հազար մարդ:
«Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրում են MAVNI ծրագիրն անվտանգության համար պոտենցիալ վտանգների պատճառով»,- հեռուստաալիքին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փոլ Հավերսթիքը:
«Պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ ծրագիրը մինչ օրս գործում է, սակայն խոստովանել են, որ նոր դիմումներ ժամանակավորապես չեն ընդունվում»,- հավելել է Fox News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հեռուստաալիքը պարզաբանում է, որ Պենտագոնի պաշտոնյաները, ինչպես նաեւ կոնգրեսականները գլխավոր խնդիրը տեսնում են այդ կատեգորիայի զինծառայողների նկատմամբ ոչ բավարար վերահսկողության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: