Վարկած. Շամիրամ գյուղում Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում։

Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Թելման Քալաշյանը, ինքնաձիգով զինված, մտել է Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո սրահ և անկանոն կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների ուղղությամբ։ Արդյունքում երեք հոգի տեղում մահացել են, մեկը՝ հիվանդանոցում: Վեց մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։

Նշենք, որ գյուղի մեր արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ, Քալաշյանը սգո սրահում առաջին կրակոցները արձակել է Ռուսաստանից եկած Օզմանյան եղբայրների ուղղությամբ, ովքեր տեղում մահացել են։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, եղբայրներից մեկը՝ Ամրոն հայտնի հեղինակություն է Ռուսաստանում։

Ի դեպ, այս հանգամանքը խոսում է այն վարկածի օգտին, թե Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար։ Առավել ևս, որ մեր մեկ այլ աղբյուր էլ տեղեկացրեց, թե գյուղում քիչ են հավատում մյուս վարկածին, թե կրակել է ինչ-որ պարտք ու պահանջի կամ բիզնեսի համար. «Եթե փողի պատճառով մեկի հետ խնդիր ուներ, ինչո՞ւ պետք է այսքան մարդու ներկայությամբ զենքի դիմեր։ Որ նաև անմեղ մարդիկ տուժեին, այսքան աղմուկ լիներ ու բոլոր եզդիներն այսքան լարվեին իր դե՞մ։ Մի մեկուսի վայրում կկրակեր կոնկրետ այդ մարդու վրա ու վերջ…»։  Իսկ Ռուսաստանից եկած հեղինակության վրա կրակելու այլ առիթ ոճրագործը կարող էր այլևս չունենալ…»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս