Թրամփը Վենեսուելայի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատել ընդդիմության առաջնորդներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործողություններն ընդդիմության դեմ եւ պահանջում է ազատել նրա առաջնորդներին՝ Լեոպոլդո Լոպեսին եւ Անտոնիո Լեդեսմային։
«ԱՄՆ-ը դատապարտում է Մադուրոյի դիկտատուրայի գործողությունները: Պարոն Լոպեսը եւ պարոն Լեդեսման քաղաքական բանտարկյալներ են, որոնց ապօրինաբար պահում է ռեժիմը: ԱՄՆ-ը գտնում է, որ Մադուրոն անձամբ է պատասխանատու պարոն Լոպեսի եւ պարոն Լեդեսմայի եւ մնացած բոլոր ձերբակալվածների առողջության եւ անվտանգության համար: Մենք կրկնում ենք բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ու անվերապահ ազատման մեր կոչը»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ընդունված որոշման համաձայն՝ Մադուրոյի՝ ամերիկյան իրավասության մեջ գտնվող բոլոր ակտիվները սառեցված են, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելված է գործեր վարել նրա հետ:
Մադուրոն պատժամիջոցների ցուցակ է մտցվել կատարողական հրամանագրի հիման վրա, որը նախատեսում է սահմանափակիչ միջոցների սահմանում վենեսուելացի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատու են «ժողովրդավարության խաթարման» համար:
Ինչպես նշվում է, պատժամիջոցները սահմանվել են Ազգային սահմանադրական ասամբլեայի (ԱՍԱ) ընտրություններից հետո հաջորդ օրը, որը կոչված է անօրինականորեն բռնատիրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ազգային ժողովի սահմանադրական դերը, վերանայել սահմանադրությունը եւ սահմանել անձնիշխանական ռեժիմ»: Գերատեսչությունը Մադուրոյին համարել է «դիկտատոր, որն անտեսում է վենեսուելացի ժողովրդի կամքը»:
Ըստ որում, ինչպես հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրներ, մասնավորապես, ԱՄՆ-ի Կոնգրեսը, Վենեսուելայի նավթի հատվածի նկատմամբ պատժամիջոցների որոշում չի ընդունվել, սակայն նման միջոցներ նախկինի պես քննարկվում են: