ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու փորձերը. Թիլերսոն
Ամերիկյան վարչակազմը պահպանում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը, չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմանը, բայց ակնկալում է ՌԴ կառավարության հանդիպական կառուցողական քայլերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավաստել է, որ ինքը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիացած չեն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործողություններից, որոնք անցած շաբաթ օրինագիծ են ընդունել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին: Սպիտակ տունն արդեն հայտնել է, որ Թրամփը մտադիր է ստորագրել այդ փաստաթուղթը:
«Ոչ նախագահը, ոչ ես ուրախ չենք Կոնգրեսի այն գործողությունների համար, որոնք ուղղված են այդ պատժամիջոցների մշակմանը: Մենք պարզորոշ հասկանալ են տվել, որ, մեր կարծիքով, այդ գործողությունները չեն նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացմանն ուղղված մեր ջանքերի հաջողությանը: Բայց դա է օրենսդիրների կողմից մշակված որոշումը, և նրանք այն ընդունել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախագահն ընդունում է դա, և բոլոր նշանները վկայում են, որ նա կստորագրի այդ օրինագիծը»,- ասել է Թիլերսոնը:
Միաժամանակ պետքարտուղարը պատժամիջոցների մեղմացման և դրանց չեղարկման հեռանկարները կապակցել է Մինսկի համաձայնությունների իրագործման հետ, որոնք կոչված են օժանդակել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանը: «Մինսկի համաձայնագրերը պետք է կատարվեն, այլապես անկարելի կլինի որևէ բան անել պատժամիջոցների հետ կապված իրադրության առումով»,- հայտարարել է Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: