Սոցիոլոգները պարզել են, թե ինչից են վախենում Գերմանիայի քաղաքացիները
Կլիմայի փոփոխությունը, նոր պատերազմներն ու ահաբեկչական գործողությունները ներկայում Գերմանիայի քաղաքացիների գլխավոր վախերն են, ինչի մասին վկայում է հասարակական կարծիքի ուսումնասիրման Kantar Emnid ինստիտուտի հարցումը, որն անցկացվել է Funke մեդիախմբի հրատարակությունների համար:
Հարցման տվյալների համաձայն, գերմանացիների 71 տոկոսը գտնում է, որ գլոբալ տաքացումն առանձնակի սպառնալիք է ներկայացնում, հարցվածների 65 տոկոսը վախենում է նոր պատերազմներից, 63 տոկոսը՝ ահաբեկչական գործողություններից:
Այնուհետեւ վախերի վարկանիշում հաջորդում են հանցավորությունը (62 տոկոս), աղքատությունը ծերության օրոք (59 տոկոս), փախստականների ներհոսքը (45 տոկոս) եւ գործազրկությունը (33 տոկոս):
Հարցումը հունիսի 26-ին եւ 27-ին անցկացվել է Գերմանիայի հազար քաղաքացիների շրջանում: Հարցվածներին թույլատրվել է ներկայացված յոթ տարբերակներից ընտրել մի քանիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: