
«Ալյանսում» ընկերություններից մեկը դադարեցնում է իր գործունեությունը՝ ԵԱՏՄ-ի պատճառով

«Լակուզեռ Հայաստան» ընկերությունը դադարեցնում է իր՝ որպես շահագործողի գործունեությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ Այս ընկերությունն «Ալյանսում» սկսել էր գործել 2015 թվականի մայիսի 21-ից։ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի արձանագրության Հավելված 2-ով վերցված բացառության ժամկետը, ինչը նշանակում է, որ ԱՏԳ-ում արտադրված ապրանքի օտարերկրյա հումքի մասով պետք է վճարվի մաքսատուրք։
Ընկերությունը գերադասել է դադարեցնել իր գործունեությունն ազատ տնտեսական գոտու տարածքում։ Հարցը քննարկվելու է կառավարության առաջիկա նիստում օգոստոսի 3-ին։
«Լակուզեռ Հայաստանը» հիմնադրվել էր 2015 թ.՝ արտերկրյա, ըստ ամենայնի, օֆշորային գրանցում ունեցող «Լակուզեռ» ընկերության կողմից։ Այն զբաղվում էր հատուկ նորարարական տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակմամբ և արտադրությամբ, իսկ արտադրանքը 100 տոկոսով արտահանում էր։ Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել էր 5 տարի։
ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիները նպատակ ունեն ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Միաժամանակ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող իրավական ակտերը հնարավորություն են տալիս դադարեցնել շահագործողի թույլտվությունը ՀՀ կառավարության որոշմամբ լիազոր մարմնի եզրակացության հիման վրա` շահագործողից համապատասխան դիմումի առկայության դեպքում: