Բաժիններ՝

ԵՄ-ն պաշտպանվելու է պատժամիջոցների պատրվակով անցկացվող ԱՄՆ-ի քաղաքականությունից. Գաբրիել

Եվրամիությունը պաշտպանիչ միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից «նախեւառաջ Ամերիկան» նշանաբանի ներքո պատժամիջոցների պատրվակով արդյունաբերական քաղաքականության անցկացման դեպքում:

Այդ մասին Rheinische Post թերթին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը: Նրա խոսքն օգոստոսի 1-ին մեջբերել է արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Մեզ համար կարեւոր է ուկրաինական ճգնաժամի հաղթահարումը եւ քաղաքական ճնշման պահպանումը, որի աղբյուրը պատժամիջոցներն են,-նշել է Գաբրիելը:-Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե մենք գործենք միահամուռ»:

«Մենք պաշտպանվելու ենք «նախեւառաջ Ամերիկան» նշանաբանի ներքո արդյունաբերական քաղաքականությունից, որն անցկացվում է պատժամիջոցների պատրվակով»,-ընդգծել է ԳՖՀ-ի ԱԳՆ-ի ղեկավարը: Գաբրիելը հերթական անգամ հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դանալդ Թրամփը «դեռեւս որոշում չի ընդունել՝ խստացվելու է արդյոք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը»:

«Օրինագիծն ամեն դեպքում կոնսուլտացիաներ է նախատեսում մեզ՝ եվրոպացիներիս հետ, նախքան դա տեղի կունենա»,-նշել է նախարարը: «Մենք կօգտագործենք այդ հնարավորությունը: Ես սերտ կապ եմ պահպանում Ռեքս Թիլերսոնի հետ»,-հավելել է նա:

ԱՄՆ-ը հավանություն է տվել մի օրինագծի, որը միակողմանի ամերիկյան պատժամիջոցների խստացում է նախատեսում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Այժմ այդ փաստաթուղթը, որն ստացել է «Օրենք Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին» անվանումը, ստորագրման է ներկայացնելու նախագահ Դոնալդ Թրամփը:

Եվրոպացիներին անհանգստացնում է, որ ԱՄՆ-ը այդ պատժամիջոցների օգնությամբ պլանավորում է ռուսական ընկերությունների հետ համագործակցության սահմանափակումներ մտցնել խողովակաշարերի կառուցման գործում եւ առաջնային դարձնել ամերիկյան էներգառեսուրսների արտահանումը Եվրոպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս