Վենեսուելայում ձերբակալել են ընդդիմության երկու առաջնորդների
Վենեսուելայի հետախուզական ծառայությունների աշխատակիցներն օգոստոսի 1-ին բերման են ենթարկել տնային կալանքի տակ գտնվող Լեոպոլդո Լոպեսին եւ Անտոնիո Լեդեսմային՝ երկրի ընդդիմության առաջնորդներին: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ձերբակալվածների մերձավորներին:
«Նրանք պարզապես տնից տարան Լեոպոլդոյին: Մենք չգիտենք՝ որտեղ է նա գտնվում, եւ ուր են նրան տարել»,-գործակալությունը մեջբերել է Լոպեսի կնոջ արած հայտարարությունը: Լեդեսմայի ձերբակալումը հաստատել են նրա երեխաները: Ապրիլի սկզբից Վենեսուելան ցնցում են վերջին մի քանի տարվա ընթացքում ամենամասշտաբային փողոցային ելույթները կառավարության դեմ:
Դրա առիթ են դարձել Գերագույն դատարանի որոշումները, որոնք ընդլայնվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները, որը վերահսկում են նրա քաղաքական հակառակորդները: Չնայած միջազգային հանրակցության ճնշմանը եւ երկրում շարունակվող բողոքի ակցիաներին, Վենեսուելայի իշխանությունները հուլիսի 30-ին անցկացրեցին Սահմանադրական ժողովի ընտրություններ:
Այս հիմնադիր մարմինը, որն ունի 545 անդամ, արդեն օգոստոսի 2-ին նիստ կգումարի նույն այն շենքում, որտեղ աշխատում է ընդդիմության հսկողության ներքո գտնվող Ազգային ժողովը, որը կտրականապես դեմ է դրա գումարմանը:
Սահմանադրական ժողովը կարող է վերափ ոխել պետական կառավարման համակարգը եւ փոխել Վենեսուելայի հիմնական օրենքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: