«Բարսելոնան» Նեյմարին իջեցված գնով կվաճառի ՊՍԺ-ին, եթե փարիզեցիները գործարքի մեջ ներառեն Մարկո Վերատիին
Կատալոնացիները փնտրում են բրազիլացուց բաժանվելու շահավետ տարբերակներ:
«Բարսելոնան» պատրաստ է գնալ զիջումների՝ կապված Նեյմարի՝ փարիզյան ակումբ տեղափոխվելու հետ: Ֆրանսիացիները պետք է վճարեն բրազիլացու համար 222 մլն եվրո հրաժարագինը, բայց «Բարսելոնայի» ղեկավարությունը դեմ չէ իջեցնել արժեքը, եթե ՊՍԺ-ն գործարքի մեջ ներգրավի կիսապաշտպան Մարկո Վերատիին:
Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացիները բանակցություններ են վարել փարիզեցիների հետ Վերատիի տեղափոխության վերաբերյալ մինչև Նեյմարի տրանսֆերի մասին խոսակցությունները, բայց այն ժամանակ ՊՍԺ-ն պատասխանել է մերժմամբ:
Համաձայն իսպանական և ֆրանսիական մամուլի տվյալների՝ Նեյմարը պաշտոնապես կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ այս շաբաթ:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն դժգոհել էր, որ ՊՍԺ-ն բաց չի թողնում Վերատիին, իսկ ֆուտբոլիստի նախկին գործակալը հայտարարել էր, որ Մարկոն կալանավոր է փարիզյան ակումբում:
Չի բացառվում այն տարբերակը, ըստ որի՝ կատարյան ընկերությունը կվճարի Նեյմարին 300 մլն եվրո, որպեսզի բրազիլացին անձամբ գնի իր պայմանագիրը: Դա թույլ կտա ակումբին խուսափել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պրոբլեմներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը