![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում որոշել են քանդել Սևան Նիշանյանի Իզմիրի Շիրինջե գյուղում գտնվող տունը
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/Nishanyan.jpg)
Իզմիրի նահանգի Շիրինջե զբոսաշրջային գյուղում քանդելու ենթակա շինությունների ցանկում ներառված են պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող տունը, ինչպես նաև նրա և մտավորական Ալի Նեսինի կողմից համատեղ կառուցված Նեսին հիմնադրամին պատկանող 2 երկու շինություն` Մաթեմաթիք Քյոյը և Թիյաթրո Մեդրեսեսին:
Գյուղում «զարգացման պլանին» հակասելու հիմնավորմամբ անօրինական ճանաչված 95 փոքր հյուրանոցներից, հանգստյան տներից և տներից 22-ի վերաբերյալ քանդելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ն:
Ալի Նեսինը Դուվար թերթին տված հարցազրույցում նշել է, որ Մաթեմաթիք Քյոյի քանդման վերաբերյալ իրենք ոչ մի ծանուցում չեն ստացել:
Քանդման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ին ժամը 09:00-ին, սկզբում քանդվելու է 3 շինություն:
Շիրինջեյում, որը ճանաչվել է 3-րդ աստիճանի պահպանվող տարածք նորացված կամ կառուցված շինությունների վերաբերյալ քանդման որոշումը կայացվել էր դեռևս 2011 թվականին, սակայն տարբեր պատճառներով հետաձգվել էր:
Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):
Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: