«Մենք պետք է կարողանանք այդ Եվրոպային ասել «ոչ» և օգնենք իրական Եվրոպային կայանալ». Աշոտ Մանուչարյան
«Հոգևոր Հայաստան» նախաձեռության աջակից Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ Արցախը նույնպես դադարել է լինել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը, և ըստ նրա՝ սկզբունքորեն երբեք այդպիսին չի եղել։
«Այսօրվա աշխարհի տրամաբանությամբ կարգավորվել է նաև այդ հակամարտությունը, որովհետև սկզբնական հակամարտությունը հետևյալն էր. 1988թ., երբ Արցախը դիմեց Խորհրդային Միության, Ադրբեջանի և Հայաստանի գերագույն խորհուրդներին, Ադրբեջանում սկսվեց հայերի սպանությունը, և առաջացավ մարդկանց մեծ հոսք, որոնք սպանությունից փրկվելով՝ տեղափոխվում էին այս կամ այն տեղեր։ Եթե մարդիկ ազատագրված տարածքներում ապրեին, ճնշող մեծամասնությունը կլինեին այնտեղից փախած 600.000 հայերը։ Գոնե 350.000 մտել է Հայաստան, և մենք չենք կարողացել այդ տարածքներում նրանց առաջարկել միավորվել, որովհետև միջազգային ատյաններն ասում էին՝ որտեղ ուզում եք՝ բացի այդ տեղից»,- ասաց պարոն Մանուչարյանը։
Վերջինիս խոսքով՝ այդ մարդիկ ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիներ էին և օրենքով այդ տարածքում պիտի տեղավորվեին, բայց ինչ-որ մեկը թույլ չի տալիս և դրանով ստեղծում է հարատև թշնամանքի օղակ։
Ըստ բանախոսի՝ եթե փախչողները տեղավորված լինեին, բանակցությունները կընթանային Ադրբեջանի և նրանց միջև. «Որպեսզի հակամարտությունը հարատև լինի, այդ մարդկանց թույլ չտվեցին այդտեղ ապրել, ասացին՝ հակամարտությունը Ղարաբաղի և Ադրբեջանի մեջ է, իսկ այն սկսվել է շատ ավելի ուշ, երբ բոլորին սպանելով-հալածելով՝ քշել են այդ տեղերից, և հարվածների ալիքը հասել է Ղարաբաղ։ Իսկ Ղարաբաղն այն տեղն էր, որը կարողացավ պաշտպանվել»։
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ պետք է հասկանալ, թե ո՞րն է, վերջիվերջո, մեր պատասխանն այս հակամարտությանը։
«Մեր ՊՆ-ն վերջերս հաղորդագրություն տարածեց՝ մեր զինվորներին սպանեցին, մենք էլ սպանեցինք նրանց զինվորներին։ Քանի անգամ ենք խոսել, որ չպետք է հայ զինվորի սպանության պատասխանը լինի ադրբեջանցի զինվորի սպանությունը»,- նկատեց բանախոսը։
Նրա խոսքով՝ մենք ուղղակի պահպանում ենք այն ուժերի գործունեությունը, որոնք իրենց փողն ու իշխանությունը համաշխարհային մակարդակով պահպանելու համար հրահրող գործողություններ են կատարում։ Ա. Մանուչարյանի համոզմամբ՝ մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգեր, որոնք գործում են այլ տրամաբանությամբ։
«Հայկական այդպիսի համակարգեր աշխարհում միշտ եղել են։ Հիմա է, որ այդ ամենը մոռացել ենք և չենք կարողանում ոչ մի կերպ կյանքի կոչել։ Այդ օրը, երբ հայտնի դարձավ զինվորի մահվան մասին, այստեղ պետք է հավաքվեր հայության մի գործնական խումբ և հայտարարեր, որ երկու ամսվա ընթացքում նախատեսում է հայության համաժողով, որպեսզի մենք ստեղծենք ընդհանրական հայկական համակարգ՝ որպես մի երկիր, որը ծավալված է աշխարհով մեկ, և այդ գլոբալ համակարգն ունի իր պատկերացումներն աշխարհի և նրա գործերի մասին»,- նշեց Ա. Մանուչարյանը։
Նրա գնահատմամբ՝ հիմա մեզ հետ անգամ Եվրոպան վերևից ներքև է խոսում. «Ինչո՞ւ եմ ասում՝ անգամ Եվրոպան, որովհետև հազարամյակներով նրանց կայացրել ենք։ Մենք պետք է կարողանանք այդ Եվրոպային ասել «ոչ» և օգնենք իրական Եվրոպային կայանալ։ Այդ Եվրոպան այսօր կոչվում է Եվրամիություն, և ինչը գործում է ԵՄ-ի անվան տակ, ոչ մի կապ չունի Եվրոպայի հետ։ Մի խոսքով՝ մեր առաքելությունը նոր համակարգեր ստեղծելն է, որոնք կկարողանան աշխարհին այլ լուծումներ առաջարկել»։
Ռոզա Հակոբյան