«Թուրքիան պայթյունի հերթական թիրախն է. այդ պայթյունի ալիքները տարածվելու են նաև Հայաստանով». Աշոտ Մանուչարյան

«Հոգևոր Հայաստան» նախաձեռության աջակից Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝  աշխարհում մխիթարական որևէ բան չի կատարվում, և բոլոր գործընթացները տեղի են ունենում հակառակ ուղղությամբ։
«Թվում է՝ «Իսլամական պետության» մոտ վախճանն ինչ-որ մխիթարական բան է տալիս, բայց դե, դա էլ այդպես չէ, պարզապես այդ գրոհայինները, որոնք մնում են տարածքները զավթելուց հետո, տարածվելու են տարածաշրջանով մեկ, իսկ կանխագուշակվող թիրախներն են Թուրքիան, Կովկասը, Միջին Ասիան, Եվրոպան։ Երբ ասում եմ՝ Կովկաս, նաև Ռուսաստանն այդ կտրվածքով թիրախ է համարվում»,- նկատեց բանախոսը։

Նրա խոսքով՝ բոլոր զարգացումների պատճառն այն է, որ մի համակարգ է ստեղծվել, որն ուզում է հարստությունը և ուժը կենտրոնացնել մեկ ձեռքում, և այդ համակարգը գործում է բոլոր տեղերում,  Հայաստանում՝ նույնպես։

«Վերջին բոլոր անցուդարձերը, Թուրքիայի գործողությունները՝ կապված Նախիջևանի հետ, այս ուղղությամբ են։ Այստեղ դրականը հետևյալն է. այս ամենը, ինչից խոսում եմ, տարածվում է մարդկանց շրջանակներում, և ավելանում են դիմադրության և հակառակ տրամաբանությամբ գործող համակարգերը։ Օրինակ՝ Թուրքիան պայթյունի հերթական թիրախն է։ Թվում է, թե մենք պետք է գոռանք՝ ուռա, բայց բանն այն է, որ այդ պայթյունն  ունենալու է ծանրագույն հետևանքներ ողջ տարածաշրջանի համար, և առաջին հերթին՝ մեզ՝ հայերիս համար»,- նշեց պարոն Մանուչարյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ պայթյունի ալիքները տարածվելու են նաև Կովկասով, նաև Հայաստանով, և Թուրքիայի տարածքում ապրող մեծաքանակ հայերը լինելու են այդ  պայթյունի թիրախը։

«Ինձ ուրախացնում է, որ հիմա մեծ քանակով հանդիպումներ են տեղի ունենում Թուրքիայի կամ Թուրքիային ներառող շրջանակներում։ Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Բեյրութում։ Հավաքվել էր Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդների կոնգրես, նախաձեռնողն արևմտահայ կառույցներից մեկն է, և այնտեղ թուրքերը նույնպես ներկա էին։ Փաստորեն, այսպիսի ֆորումները հնարավորություն են տալիս այլընտրանքային հարթություններում քննարկել՝ ի՞նչ և ինչպե՞ս անել»,- հավելեց բանախոսը։

Նա նկատեց, որ Նախիջևանն այս տրամաբանության մեջ է․«Ինչ որ կատարվեց, սրացման գործիք է, բայց սրան զուգահեռ գործընթացները պիտի այնպես ընթանան, որ մեղմացնեն։ Սա է, որ հույս է ներշնչում, թե դեռ ամեն ինչ կորած չէ»։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս