Ինչո՞ւ պաշտոնյաների երեխաները չեն ծառայում բանակում կամ չեն հայտնվում առաջնագծում. պարզաբանում է Վիգեն Սարգսյանը

«Ամառային զորակոչը մեր առաջիկա կարևորագույն միջոցառումն է։ Այն կմեկնարկի հուլիսի 1-ին։ Նախազորակոչային ընդհանուր վիճակը բավարար մակարդակում է։ Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք կարիք ունեն համակարգային լուծման, և արդեն մի շարք գործընթացներ մեկնարկել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կիրազեկեն զինկոմիսարիատների ընդհանուր համակարգի բարեփոխման մասին։

Նախարարը կարևորեց զորակոչի արդար և արդյունավետ անցկացումը՝ կոչ անելով քաղաքացիներին՝ չափազանց հետևողական լինել ու իրականացնել քաղաքացիական վերահսկողություն. «Եթե հայտնի են զորակոչի մեջ արդարության սկզբունքի խախտման դեպքեր, խնդրում եմ՝ իրազեկեք մեզ։ 1-28 թեժ գծին ստանում ենք զանգեր և փորձում նշված խնդիրներին լուծում տալ»։

Նա նշեց՝ այս զորակոչին ևս լինելու է նորամուծություն. «Եթե նախորդի դեպքում նորակոչիկները համազգեստն էին ստանում հավաքակայանում, ապա այս անգամ հավաքակայան ժամանելուն պես նրանք կանցնեն բանակային սնունդին։ Տնից սնունդ բերելն այլևս չի թույլատրվի, քանի որ նորակոչիկներին հավաքակայանից մինչև սահման կապահովենք սննդի փաթեթներով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք զորակոչի ժամանակ պահպանվում է հավասարության սկզբունքը, մասնավորապես՝ պաշտոնյաների և մեծահարուստների որդիները չե՞ն խուսափում բանակում ծառայելուց։ Նաև հարց հնչեց այն մասին, թե ինչո՞ւ պաշտոնյաների երեխաները չեն հայտնվում առաջնագծում։

Այս հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը հետևյալն ասաց. «Ունենք օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ։ Օբյեկտիվն այն է, որ քաղաքաբնակ քաղաքացին, առավել հավանական է, որ հայտնվի ուսումնական հաստատությունում և զորակոչվի այնտեղից, կամ չզորակոչվի՝ ուսումնական տարկետում ունենալով։ Ուսումնական հաստատություններից զորակոչվող նորակոչիկը, առավել հավանական է, որ կհայտնվի ուսումնական զորամասում։

Հետևաբար՝ վիճակահանության ժամանակ հավանականությունը, որ նա կհայտնվի առաջին գծի որևէ զորամասում, անհամեմատ ավելի փոքր է։ Մենք խնդիր ունենք վերանայելու տարկետումների համակարգում առկա խնդիրները։ Գիտեք, որ նախորդ զորակոչի արդյունքներով հարուցված քրեական գործեր կան՝ բժշկական տարկետումների հետ կապված։ Նման միջոցները պայքարի հնարավոր առկա ձևերից են»։

Նախարարը նշեց, որ օրեր առաջ հասարակական կազմակերպություններից մեկից ստացել են հարցում՝ պաշտոնյաների որդիների անուն-ազգանուններով, որտեղ հետաքրքրվել են, թե նրանցից ով է ծառայել, ով՝ ոչ, և, եթե ծառայել են, ապա՝ որտեղ.

«48 հոգու ցուցակ էր տրված, որոնց մեջ պատահական անուն, ազգանուն, հայրանուն չկար, այսինքն՝ եթե հիմա մեկի անունը տամ, այստեղ կասկած չի լինի, թե ում մասին է խոսքը։ 48 հոգուց 26-ը ծառայել է բանակում, 2-ը ՀՀ քաղաքացի չեն, եթե ազգանունները տեսնեք՝ կհասկանաք, թե ինչու, պահեստազորի բժշկական ծառայության սպա կա, որը բազմաթիվ պահեստազորի բժշկական սպաների նման՝ ակտիվ ծառայություն չի անցել, 6 հոգի այս պահին ունի տարկետման իրավունք՝ մի մասը՝ ակադեմիական, մյուսը՝ առողջական, և 16 հոգին ազատված է ծառայությունից։

Այնպես չէ, որ մենք այս արդյունքից գոհ ենք, ես կարծում եմ, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է նաև գիտակցեն, որ հանրային ուշադրությունն իրենց ընտանիքի նկատմամբ միշտ ավելի բարձր է, և հետևաբար՝ երբեմն կայացնեն նաև դժվար որոշումներ՝ տարկետումների հետ կապված։ Բոլոր դեպքերում, զորակոչի ժամանակ որևէ մեկի՝ պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքը հաշվի չենք առնում։

Այս պահին կան շատ բարձր պաշտոնյաների երեխաներ, որոնք ծառայում են բանակում, նաև առաջնագծում, որոնցից առնվազն երկուսն ունեն զորացրման պարտադիր առողջական ցուցում, և որոնց զորացրումը մենք չենք իրականացնում մի պարզ պատճառով՝ հենց զորացրումն իրականացնենք, ստացվելու է, որ պաշտոնյայի երեխա է, դրա համար է զորացրվում»։

Տեսանյութեր

Լրահոս