Վիգեն Սարգսյանը՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի և Երևանի հոսպիտալի պետի փոփոխության պատճառների մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահ է՝ հրամանատարներ փոխելով՝ փոխվում է իրավիճակը զորամասում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ նախ՝ դա ազդակ է հրամանատարներին. «Զինվորական կարգապահության մեջ շատ կարևոր է օրինակը և գիտակցումը, որ ամեն քայլի համար կա պատասխանատվություն։ Դա շատ ցավոտ որոշում է, որովհետև հրամանատարի հիմնական գործառույթը մարտին պատրաստ լինելն է, և մարտական սպային պաշտոնից իջեցնելը կամ պահեստազոր ուղարկելը, կադրերի տրամադրության տակ պահելը հեշտ որոշում չէ պաշտպանության նախարարի համար, բայց պարտադիր որոշում է և լինելու է շարունակական»։
Նախարարը նշեց, որ հիմա քննարկում են նախարարության լրջագույն վերափոխման խնդիրը, ինչը չի վերաբերում հաստիք կրճատելու հարցին. «Կրճատվում են ոչ թե հաստիքները, այլ կառուցվածքային ստորաբաժանումները: Կան արհեստական բաժիններ` իրանց բաժնի պետերով, բաժնի պետի տեղակալներով, և այլն, մենք մարդկանց առաջարկում ենք նույն գործառույթներն իրականացնել փոխլրացնող, միմյանց փոխարինող գործառույթներով։ Աշխատանքի արդյունավետությունն ավելի է բարձրացվելու: Մեզ պետք են աշխատող մարդիկ: Պետք չեն պաշտոնյաներ, որոնք համարում են, որ պետք է ղեկավարեն 4-5 հոգու և բան չանեն: Խնդիրը ստորաբաժանումների թվի կրճատումն է`առանց անձնակազմի մեծ կրճատման։
Միևնույն ժամանակ՝ նա ընդգծեց, որ նախարարությունը որևէ մեկին դրսում թողնելու խնդիր չունի: Նախարարի խոսքով` Գլխավոր շտաբի կառուցվածքում ևս նախատեսվում են փոփոխություններ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են խոսակցություններն այն մասին, թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը նույնպես պաշտոնանկ կարվի։ «Նախատեսում ենք փոփոխություններ մեր զորքերի հիմնական կառուցվածքում: Որևէ պաշտոնի կրճատման մասին խոսելն այս պահին տեղին չէ: Հայկազ Բաղմանյանը երկար ճանապարհ անցած սպա է, որը կատարում է իր աշխատանքը: Որևէ կադրային փոփոխություններ մեզ մոտ նախապես չեն քննարկվում, չեն մեկնաբանվում: Հայկազ Բաղմանյանին պաշտոնից ազատելու նպատակ այս փուլում չկա»,- պարզաբանեց նախարարը։
Երևանի կենտրոնական հոսպիտալի պետի փոփոխության մասով նա նշեց, որ ունեցել է մի շարք մտահոգություններ. սկսած այդ հոսպիտալում կենցաղային, սանիտարական որոշ պայմանների բավարարմամբ, որոնք նախարարին չեն բավարարել, մինչև որոշակի կարգ ու կանոնի խնդիրներ. «Իսկ դրանք շատ կարևոր են: Կար որոշակի միտում, որը մեզ մտահոգում էր. բուժման արհեստական երկարացման, արձակուրդում գտնվող զինծառայողների՝ վերջին օրը մասսայական հիվանդանալու, և բազմաթիվ այլ երևույթների, որոնք պատիվ չէին կարող բերել ռազմաբժշկական ծառայությանը։ Նոր նշանակումը կատարվել է ուսումնասիրության արդյունքում. ես կանգ եմ առել Սիսիանի հոսպիտալի պետի վրա, որի աշխատանքն ինձ շատ տպավորեց։ Այդ հոսպիտալն իրոք կարող է պատիվ բերել ցանկացած երկրի ԶՈւ-ի, նաև՝ ցանկացած քաղաքացիական բուժհաստատության»։
Նախարարը նկատեց՝ հոսպիտալն ունի կարևոր գործառույթ. «Հիմա ԱՆ-ի հետ քննարկում ենք 3 զինվորական հոսպիտալ քաղաքացիական հիվանդանոցների հետ միավորելու խնդիրը։ Խոսքը Վարդենիսի, Բերդի և Սիսիանի հոսպիտալների մասին է, պատճառը պարզ է. նշված հոսպիտալները շատ ավելի հագեցած են, քան քաղաքացիական հիվանդանոցները։ Երեքից երկուսն ունեն շատ ավելի բավարար շենքային պայմաններ, և քաղաքացիական բնակչությունն ինտենսիվ դիմում է զինվորական հոսպիտալներ՝ բուժօգնություն ստանալու համար։ Մեզ համար հոսպիտալների համակարգը ռազմավարական նշանակություն ունեցող ներուժ է»։