Բաժիններ՝

Սէֆիլյանի և մյուսների գործով նախագահող դատավորը սանկցիա կիրառեց մի քանի պաշտպանների նկատմամբ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  հունիսի 27-ին լարված մթնոլորտում  ընթացող Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը ընդմիջումից հետո շարունակվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ընթերցեց դատական սանկցիայի կիրառման մասին որոշում:

«Դատարանը որոշեց փաստաբան Տիգրան Եգորյանի հանդեպ կիրառել սանկցիա պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ: Սույն որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է և ենթակա չէ բողոքարկման»,- ասաց դատավոր Գրիգորյանը:

Նախագահող դատավորի խոսքով` արձանագրություններ են ստացվել դատական կարգադրիչների կողմից, որտեղ նշում է, որ պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը հրաժարվել են ենթարկվել զննության:

«Դատարանը արձանագրում է, որ պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանն այս պահին ներկա չեն: Դատարանը հեռանում է պաշտպանների վարքագծի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու»,- եզրափակեց Գրիգորյանը:

Տաթևիկ Գրիգորյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ընթերցեց դատարանի  որոշումը` Տիգրան Հայրապետյանի, Արայիկ Պապիկյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ ` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով փաստաբանական պալատ:

Դատավոր Գրիգորյանը հայտնեց նաև, որ սույն  գործով դատական նիստերը կայանալու են յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 11:00-ին: Հաջորդ դատական նիստը կայանալու է հունիսի 30-ին ժամը 11:00-ին:

Մի շարք պաշտպաններ տվյալ ժամանակացույցի փոփոխության առնչությամբ միջնորդությամբ հանդես եկան` այլ գործերով նիստեր ունենալու պատճառով, սակայն նախագող դատավորը նշեց, որ ողջամիտ ժամկետներում դատաքննությունը ավարտելու համար այլ տարբերակ չի գտնում:

Դատարանի կարգադրիչների կողմից արձանագրություն է տրվել դատարանին` դատական նիստին մասնակցող քաղաքացիներ Վահե Պողոսյանի և Վահագն Ղումաշյանի կողմից անհարգալից վերաբերմունքի, հայհոյանք հնչեցնելու  և կարգադրիչների ծառայությանը խոչընդոտելու վերաբերյալ:

«Դատարանը հիմք ընդունելով ներկայացված զեկուցագիրը և նկատի ունենալով, որ դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիներ Վահե Պողոսյանը և Վահագն Ղումաշյանը խախտել են դատական նիստերի կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ, դատարանը որոշում է կայացնում Վահե Պողոսյանին և Վահագն Ղումշյանին հեռացնել դատական նիստերի դահլիճից մինչև սույն քրեական գործի դատաքննության ավարտը»,-նշեց Գրիգորյանը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանն ուշացումով միացավ դատական նիստին և խնդրեց դատարանից պարզաբանում ներկայացնել իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանի բացակայության պատճառների առնչությամբ և հայտնեց, որ հեռանալու է դատական նիստերի դահլիճից, եթե չապահովվի Ներսես Պողոսյանի ներկայությունը:

«Ներսես Պողոսյանից ունեմ հանձնարարություն իր բացակայության պարագայում ներկա չգտնվելու դատական նիստերի դահլիճում: Իմ պաշտպանյալը ներկա չի գտնվում դատական նիստերի դահլիճում, ուստի նրա պաշտպանությունն իրականացնելն անհնար եմ համարում, և ես ստիպված եմ լքել դատարանը», ասաց Պապիկյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպան Արայիկ Պապիկյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանն ընդմիջում հայտարարեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս