«Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ-ի ֆորմատից բանակցային գործընթացը տեղափոխել ՄԱԿ-ի ֆորմատ». քաղաքագետ

Քաղաքագետ-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ թերահավատորեն է մոտենում այն կարծիքին, թե Ադրբեջանն այս պահին հնարավորություն չունի  լայնամասշտաբ պատերազմ սկսելու. «Նման հնարավորություն ունեն և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը։ Այլ հարց է՝ դա ձեռնտո՞ւ է կողմերին, թե՞ ոչ, քանի որ բոլորս էլ կարող ենք պատկերացնել, թե նման լայնամասշտաբ պատերազմն ինչի կարող է հանգեցնել։ Այն աղետալի կլինի ոչ միայն Ադրբեջանի և հայկական կողմերի համար, այլ նաև՝ ամբողջ տարածաշրջանի։ Սակայն, դա, միևնույն ժամանակ, չպետք է դիտել՝ պոստ ֆակտում, որովհետև ցանկացած սցենար հնարավոր է»։

Քաղաքագետի խոսքով՝ արտաքին մեդիայում շատ են լուրերը, թե Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի հետևանքով էլ տարբեր փոփոխություններ է իրականացնում. «Նման սցենարն ավելի մոտ է իրականությանը։ Գիտակցելով, թե լայնամասշտաբ պատերազմն ինչի կհանգեցնի, նա ապրիլյան պատերազմի որոշակի հաջողություններից օգտվելով՝ փորձում է հիբրիդային պատերազմի դրսևորումներով իր համար շահավետ քայլերի գնալ։ Ադրբեջանում նկատվում են ներքին սրումներ՝ հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից, հետևաբար, որքան էլ ավտորիտար համակարգ է այնտեղ տիրում, գիտակցում ենք, որ ժողովուրդը կենսադինամիկ շահերի ապահովման խնդիր ունի։ Դա գիտակցում է նաև ալիևյան ռեժիմը։ Հետևաբար, վատթարացող տնտեսությունը, ներքին խռովությունները նոր PR ակցիաներ կազմակերպելու առիթ պետք է ստեղծեն, և, քանի որ նման առիթները շատ փոքր են, սահմանում կատարվող իրավիճակն ամենաձեռնտու քայլն է, ինչին էլ գնում է Ալիևը»։

Ըստ փորձագետի՝ մոտակա ժամանակահատվածում նման դիվերսիոն քայլերը կշարունակվեն։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս-քվոն, և փորձում է բանակցային գործընթացը վիժեցնել. «Ամբողջությամբ վիժեցնել հնարավոր չէ, դա չի բխում գերտերությունների շահերից, հետևաբար, փորձում է ԵԱՀԿ-ի ֆորմատից տեղափոխել ՄԱԿ-ի ֆորմատ, քանի որ այնտեղ ավելի շատ համակիրներ ունի։ Եթե դա էլ չհաջողվի, փորձելու է նոր դիվերսիոն քայլերով հողային տարածքներ ձեռք բերել ու դրանով ներքին լսարանի լարվածությունը թոթափել»։

Կարդացեք նաև

Հարցին՝ ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելու շանսեր ունի՞ Ադրբեջանը, նա այսպես պատասխանեց. «Շանսերն այդ առումով քիչ են, բայց եթե Ադրբեջանին հաջողվեց փակել ԵԱՀԿ-ի գրասենյակը Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում, ապա այս կամ այն քայլերով Ադրբեջանին հաջողվում է նաև մոտենալ իր որդեգրած քաղաքականությանը»։

168.am-ը հետաքրքրվեց, թե այս պարագայում որո՞նք պետք է լինեն Հայաստանի անելիքները։ «Ինչպես Ադրբեջանն է համակիրներ գտնում, Հայաստանը ևս պետք է գտնի համակիրներ: Նախ և առաջ՝ ՄԱԿ-ն աշխարհի այն կառույցներից է, որ ամենաշատ երկրներն է իր մեջ ներառում, ու դրանց ցանկում Հայաստանը պետք է գտնի իր համար համակիրներ։ Երկրորդ քայլը՝ պետք է դիվանագիտական տարբեր խողովակները զարգացնել։ Պարտադիր չէ՝ ՄԱԿ-ում դու ունենաս համակիրներ, պետք է ուժեղացնես լոբբինգը։ Ունենալով նման սփյուռք՝ մենք պետք է ուժեղացնենք մեր լոբբինգն այդ հարցում։ Ճիշտ ժամանակն է՝ նման կարևորության խնդիրները մղել առաջին պլան»,- պարզաբանեց նա։

Տեսանյութեր

Լրահոս