«Դուք մոռացել եք «կառավարում» բառը, որովհետև կառավարում գոյություն չունի». Վարդան Բոստանջյանը` Վարդան Արամյանին
«Դուք մոռացել եք «կառավարում» բառը, որովհետև կառավարում գոյություն չունի, դուք միայն սպասարկում եք պարտքը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը` դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Վ.Բոստանջյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ կգա ժամանակը, երբ պարզ, տրիվիալ սպասարկումից կանցնենք պարտքի կառավարման:
Վ.Արամյանը չհամաձայնեց, որ պարտքի կառավարում չունենք, քանի որ ՀՀ-ն ԱՊՀ երկրներում տեխնիկական օժանդակություն է տրամադրում պարտքի հետ կապված, տալիս է գործիքակազմը. «Մենք միակն ենք, որ կարողացանք ազգային արժույթով ներքին տնտեսությունում 30-տարիանոց պարտք փակել»:
Նախարարի խոսքով` Հայաստանը կոլապսային վիճակում չէ, բայց ապագա տարիներին մենք կունենանք շատ ավելի բարձր դիմադրողականությամբ տնտեսություն:
«Եթե էդքան շնորհքով եք, կուտակային կենսաթոշակայինի փողն ինչի՞ ենք տալիս ուրիշին, ինչի՞ մենք չենք կառավարում»,- իր հերթին՝ չհամաձայնեց Վ.Բոստանջյանը:
Վ.Արամյանը պատասխանեց, որ իրականում չի կարծում, որ այսօրվա ակտիվների կառավարիչները վտանգային գոտում են գտնվում: Նա նշեց, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ «Ամունդի» և «Ց-Կվադրատ» ընկերություններին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են վստահել, նրանք կառավարում են 1.8 տրլն դոլար, և նրանց ռեյտինգը Հայաստանի ռեյտինգից 3 անգամ բարձր է. «Այդ գումարները պետք է ոչ միայն խելամիտ տրվեն, այլ պետք է դիվերսիֆիկացվեն, և բոլոր ձվերը պետք չէ մեկ զամբյուղի մեջ դնել»: